Մատչելիության հղումներ

Ամեն երկրորդ ռուսաստանցին կցանկանար ապրել ԽՍՀՄ-ում․ հարցում


Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության դրոշի ֆոնին, քաղաքական ծաղրանկար։
Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության դրոշի ֆոնին, քաղաքական ծաղրանկար։

«Պուտինը հմտորեն տեղավորվել է նեոսովետական պատկերի մեջ»:

«Լևադա» կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 52 տոկոսը համոզված է, որ Խորհրդային Միության օրոք կյանքն ավելի լավն էր։

Le Temps պարբերականի մեկնաբան Էմանուել Գրինշպանի կարծիքով, Ռուսաստանում տիրող պահպանողական գաղափարախոսության պայմաններում առաջացել է ակնհայտ կապ սովետական հասարակարգի և Վլադիմիր Պուտինի ներկայիս վարչակարգի միջև։

52 տոկոսը կցանկանար խորհրդային պլանային տնտեսության սկզբունքների վերականգնում։ Երբևէ այդքան ցածր չի եղել մասնավոր սեփականության և շուկայական տնտեսության սկզբունքներին հավանություն տվող մարդկանց թիվը` ընդամենը 26 տոկոս։ Հարցվածների ևս 22 տոկոսը հրաժարվել է կարծիք հայտնել։

Դաշնության քաղաքական մոդելի հարցում 37 տոկոսը հավանություն է տալիս սովետական տարբերակին, 23 տոկոսը գերադասում է ներկայիս համակարգը, և միայն 13 տոկոսն է արժևորում արևմտյան դեմոկրատիայի սկզբունքները։ 8 տոկոսը պատասխանել է, թե կնախընտրեր «որևէ ուրիշ մոդել», իսկ 19 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Գրինշպանի կարծիքով, այն, որ սովետական մոդելն ունի այդքան երկրպագուներ, ոչ թե Ռուսաստանի ներկայիս տնտեսական ճգնաժամի, այլ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի հետևանքն է։

Պետության կողմից հսկվող ռուսական մամուլն ու հեռուստատեսությունը մշտապես գովաբանում են սովետական անցյալը, ներկայացնում են միայն նվաճումները, որոնց գագաթնակետը Հիտլերի նկատմամբ Կարմիր բանակի հաղթանակն է, ինչից հետո երկրում հաստատվել է որոշակի կայունություն, ձեռք է բերվել միջազգային հեղինակություն, գրանցվել են գիտական նշանակալից հաջողություններ։

Խորհրդային Միությունը երբևէ չի անհետացել ռուսաստանցիների սրտից, քանի որ դրա փլուզմանը հաջորդել է կենսամակարդակի կտրուկ անկում։ Կրեմլը վախեցել է ոչնչացնել անցյալի խորհրդանիշները, Սովետի հանդեպ կարոտաբաղձությունը բնորոշ է առավելապես տարեց քաղաքացիներին։ Ըստ Գրինշպանի, այդ մարդիկ համոզված են, որ խորհրդային կարգերն արդար էին, մարդկանց հարաբերություններն ավելի առողջ էին։

«Պուտինի օրոք վիճակը բարելավվել է, բայց հիմա այնպիսի գնաճ է, որ ակամա մտածում ես, որ արժե վերադառնալ սովետական օրերին»,- Գրինշպանին ասել է 67-ամյա թոշակառու Լիդիա Արխիպովան։

Le Temps-ի թղթակիցը հավելում է, թե առավել զարմանալի է այն, որ երիտասարդության շրջանում էլ շատերը կարոտախտով են խոսում սովետական կարգերի մասին։

Մոսկվայի շրջանային օրենսդիր մարմնի` տեղական դումայի պատգամավոր Դմիտրի Զախարովը թղթակցին ասել է. - «Եթե ես երբևէ գնամ Եվրոպա, դա կանեմ այնպես, ինչպես պապս` տանկով»։

Այդ 30-ամյա պատգամավորի համոզմամբ, Խորհրդային Միությունը միշտ օգնել է բոլորին։

«Ուկրաինացիները, Մերձբալթիկայի ժողովուրդները, վրացիները, մնացած բոլորը պետք է վերադառնան Մոսկվայի պաշտպանության տակ, ԽՍՀՄ-ը պետք է վերականգնել, դա տրամաբանական հարց է, պատմությունն ընդհատել չկ կարելի»,- ասել է Զախարովը։

Le Temps-ը նշում է, որ Պուտինը հմտորեն տեղավորվել է այս նեոսովետական պատկերի մեջ և բնակիչների շրջանում ունի ռեկորդային բարձր` 91 տոկոսի հասնող վարկանիշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG