Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը գույքագրել և ապամոնտաժել մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն տրամադրելիս որևէ կերպ հաշվի չի առնվում քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ մասով հստակ է մեր պահանջը: Բայց այս պահանջը ոմանք շրջանցում են, իսկ այդ հարցում մեղավորության մեծ բաժինը հենց մեր պատասխանատուներինն է, ովքեր պարտավոր են լինել տեղում և վերահսկել, որ դրանք տեղադրվեն սահմանված հատվածում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կկամենա պատվիրատուն», - Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, այսօր ասել է Տարոն Մարգարյանը՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
«Գույքագրեք առկա գովազդային վահանակները, որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը և համապատասխան քայլեր ձեռնարկեք՝ դրանց ապամոնտաժման ու սահմանված հատված տեղափոխելու ուղղությամբ», - ասել է քաղաքապետը։