Մատչելիության հղումներ

Արվեստի գործիչներ Վիլեն Գալստյանը, Նորայր Մեհրաբյանը նշեցին իրենց 75-ամյա հոբելյանը


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը Երևանում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը Երևանում

Տեղի է ունեցել նաև երաժշտագետ Արաքսի Սարյանի հետմահու հրատարակված ժողովածուի շնորհանդեսը։

Գարնան գալստյան հետ մեկտեղ աստիճանաբար աշխուժանում են մշակութային օջախները, գնալով շատանում եմ մշակութային ձեռնարկներն ու հանդիսությունները, այդ շարքում և հոբելյաններ են նշվում՝ թե՛ մեր մեծերի՝ Վահան Տերյան, Հրանտ Մաթևոսյան, թե՛ այսօր ապրող ու ստեղծագործող արվեստագետների։

Պարարվեստի բնագավառում միանգամից երկու վաստակաշատ արտիստի ծննդյան 75-ամյա հոբելյանը նշվեց. հայկական բալետային պարարվեստի ավագ սերնդից ամենահայտնի արտիստներից Վիլեն Գալստյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի գլխավոր բալետմեյստերն է նա, և երեկոյին անմիջապես հաջորդեց «Գայանե» բալետային ներկայացումը՝ Գալստյանի բեմադրությամբ։

Երեկ երեկոյան էլ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ պարարվեստի մեկ այլ երախտավորի՝ «Բարեկամություն» պարային համույթի հիմնադիր ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին մասնակցում էին նաև Շվեդիայի արքայական բալետի արտիստներն ու մենապարողները։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ տեղի ունեցավ անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի հետմահու հրատարակված «Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ» խորագրով ժողովածուի շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ Արաքսի Սարյանը տասը մենագրությունների, ավելի քան 50 երաժշտագիտական հոդվածների և բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է։ Բազմավաստակ երաժշտագետն իր կյանքի ընթացքում մասնակից էր Հայաստանի երաժշտական բնագավառի գրեթե բոլոր ոլորտներում տեղի ունեցող գործընթացներին։

Անցած շաբաթ հայ արվեստասեր հասարակությունը հրաժեշտ տվեց անվանի արվեստագետ, կինոռեժիսոր Արման Մանարյանին, որը վախճանվեց կյանքի 87-րդ տարում։ Նա բազմաթիվ սիրված ֆիլմերի հեղինակ է՝ «Տժվժիկ», «Կարինե», «Մորգանի խնամին», «Ընկեր Փանջունին» և այլ գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմեր, որոնց վերջին տարիներին ավելացավ նաև «Սասունցի Դավիթ» բազմասերիանոց անիմացիոն լիամետրաժ կինոնկարը։

Շաբաթավերջին էլ մարդիկ միմյանց գրքեր նվիրեցին. Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր՝ Գիրք նվիրելու օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG