Մի խումբ քաղաքացիներ այսօր ահազանգեցին, որ Երևանում սկսել են քանդել պատմական արժեք ներկայացնող հերթական շենքը: Այս անգամ խոսքը Ամիրյան-1 հասցեում, արտգործնախարարության հարևանությամբ գտնվող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածի մասին է: Ահազանգին արձագանքելով, տարածք ժամանեցին ոստիկանության ներկայացուցիչները, որոնց էլ քաղաքացիները ներկայացրին խնդիրը:
«Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, ներառված է պետական ցանկի մեջ, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ ֆասադի քանդման իրավունք տրված չէ, բայց տեսնում ենք, որ սկսել են քանդել, գործիքն էլ հիմա այնտեղ է»:
Ոստիկանները քաղաքացիների հետ քանդված հատվածը նայելուց հետո հեռացան: Ավելի ուշ նշված տարածք եկան նաև մշակույթի գործիչներ: Շինարարության ղեկավար Գրիշա Չախոյանը, ով մինչ այդ բղավում էր ակտիվիստների վրա, բացատրեց, որ իրականում քանդվում է միայն 1976-ին կառուցված կցակառույցը, որը կապ չունի 19-րդ դարի հուշարձանի հետ: «Սա հնության հետ կապ չունեցող բան ա, շենքը քանդվում ա հատուկ, որ իրականում հնությունը արտացոլվի»,- ասաց նա:
Շինարարը հավելեց, որ կառուցապատման նախագիծը, օրենքի պահանջի համաձայն, փակցված է եղել, պարզապես փոշոտվել է, և հիմա նորն են պատրաստում: Չախոյանի պնդմամբ՝ վաղը շարունակելու են քանդել: Շինարարը ասաց նաև, որ այնտեղ կառուցվում է «Ամիրյան պլազա»-ն: Թե դա ինչ է ներառելու՝ տեղյակ չէր:
Պատմական արժեք ունեցող շենքերի քանդման դեմ պայքարող արվեստագետների խմբի անդամ, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը դժգոհ չէր կցակառույցի ապամոնտաժումից, ասաց՝ հավատում է, որ ամբողջը պահելու են: «Եթե քանդում են կցակառույցը, որ ամբողջը պահպանեն՝ դա նորմալ եմ համարում: Կողքից նայելով էլ երևում ա, որ ավելորդ մաս են կառուցել»,- ասաց նա:
Ավելի ուշ, Ամիրյանից ակտիվիստների մի մասն ուղևորվեց Պուշկին փողոց, որտեղ, նրանց տեղեկություններով՝ օրեր առաջ «պատմական մառաններ են քանդել»: