Մատչելիության հղումներ

Եվրամիության գագաթնաժողովում վճռվում է Բրիտանիայի անդամության հարցը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ելույթը Եվրամիության գագաթնաժողովում, Բրյուսել, 19 փետրվարի, 2016թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ելույթը Եվրամիության գագաթնաժողովում, Բրյուսել, 19 փետրվարի, 2016թ.

Բանակցային գործընթացը շատ ակտիվ է և լարված։

Եվրամիության 28 երկրների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցնում են այն պայմանները, որ թույլ կտան պահպանել Մեծ Բրիտանիայի անդամությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել է․ - «Այսօր առկա է որոշակի առաջընթաց, սակայն գործարք որպես այդպիսին դեռ չունենք»։

Քեմերոնը պահանջում է Եվրամիության կառուցվածքային խոշոր բարեփոխումներ, այլապես այս տարվա հունիսին Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեով բրիտանացիները կարող են քվեարկել Եվրամիությունից դուրս գալու օգտին։ Հանրաքվեի անցկացման հստակ ժամկետը դեռ որոշված չէ։

Եվրամիության ղեկավարները հուսով են, որ գործը չի հասնի Բրիտանիայի անդամության դադարեցմանը, որը մամուլն արդեն անվանել է Brexit («Բրիթիշ էքզիթ»)։

Եվրամիության «ծանրքաշային» պետություններից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ այսօրվա գագաթնաժողովում առկա է Մեծ Բրիտանիայի անդամությունը պահպանելու քաղաքական կամք․ - «Բոլորն են ուզում, որ Բրիտանիան մնա Եվրամիության անդամ: Մենք քննարկում ենք Բրիտանիայի առաջ քաշած բոլոր հարցերը: Այո, ճիշտ է նաև, որ ոչ բոլորն են համարում, թե դրանք հեշտ է լուծել, սակայն դրա քաղաքական կամքը կա»։

Եվրամիության այսօրվա գագաթնաժողովի օրակարգում է նաև միգրանտների ճգնաժամի թեման։

Մի անանուն հույն պաշտոնյա ասել է, որ Աթենքը չի ստորագրի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, եթե դրանում չլինի դրույթ այն մասին, որ Եվրամիության որևէ երկիր չի կարող միակողմանիորեն փակել դռները միգրանտների առջև նախքան մարտի 6-ին կայանալիք Եվրամիություն - Թուրքիա գագաթնաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG