Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի վստահված անձը պարտք կվերցնի՝ ընրակեղծարարների տուգանքը վճարելու համար


ՀՀԿ-ի վստահված անձ, «Կենտրոնի Կյաժ» մականվամբ հայտնի Դավիթ Սիմոնյանը
ՀՀԿ-ի վստահված անձ, «Կենտրոնի Կյաժ» մականվամբ հայտնի Դավիթ Սիմոնյանը

Դավիթ Սիմոնյանի պնդմամբ, իր երեք ընկերները «գաղափարի համար են կեղծիքի գնացել», ուստի՝ նա իր վրա կվերցնի 1,5 մլն դրամի տուգանքների վճարումը:

Սահմանադրական հանրաքվեի ևս 4 ընտրակեղծարար, այսօր դատարանում ամբողջությամբ ընդունելով իրենց ներկայացված մեղադրանքը, արժանացան հնարավոր ամենամեղմ պատժին՝ տուգանվելով 500 հազարական դրամով։

30 րոպե տևած նիստի ընթացքում ոչ մի հարց չհնչեց այն մասին, թե արդյո՞ք որևէ մեկի հրահանգով կամ պատվերով է 3 ընտրակեղծարարներից բաղկացած խումբը, հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի օժանդակությամբ, քվեարկել այլ անձանց փոխարեն։ Ամբաստանյալների պահանջով դատավարությունն ընթացավ արագացված կարգով։

Թերի բարձրագույն կրթությամբ, գործազուրկ ընտրակեղծարարները դատարանին միջնորդեցին արգելել նկարահանումը։ Իսկ ավելի ուշ՝ հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին: Փոխարենը՝ խոսեց այդ տեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձ Դավիթ Սիմոնյանը, ով առավել հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականվամբ: Նա պնդեց, թե իր երեք ընկերները «գաղափարի համար են կեղծիքի գնացել», ուստի՝ տուգանքների վճարումն իր վրա կվերցնի։ Նաև ասաց, թե դրա համար գումար «պարտք կանի»:

ՀՀԿ-ի՝ կեղծարարներին հովանավորող վստահված անձը պնդեց՝ իր արժանիքներով չի զիջում իշխող կուսակցության պատգամավորներին և Հանրապետականի ցուցակով ցանկանում է հայտնվել գալիք խորհրդարանում։ Իր ընտրակեղծարար ընկերներին նա փորձում էր քաջալերել նաև դատական նիստի ընթացքում: Վերջիններիս ինքնախոստովանական ճառերից հետո նա դահլիճից բացականչեց՝ «ապրես»:

Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ, գործազուրկ Լուսինե Մնացականյանը, ում օգնությամբ էլ երիտասարդները քվեարկել էին ուրիշի փոխարեն, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ անգիտակցաբար է գնացել հանցագործության, պատժաչափն էլ չի բողոքարկի: Բայց չգիտի, թե ինչպես է վճարելու տուգանքը։ «Կուսակցությանս չեմ դիմի, երևի պարտք կանեմ, չգիտեմ, երևի կգան կալանք կդնեն գույքիս վրա»,- ասաց նա:

Ընտրակեղծարար ԲՀԿ-ականը չի բացառում, որ մեկ տարի անց կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դարձյալ ընդգրկվի հանձնաժողովի կազմում, բայց արդեն՝ ավելի հմտացած: «Սա փորձ էր ինձ համար ... ավելի ուշադիր կլինեմ»:

Երևանի կենտրոնում տեղակայված՝ խնդրո առարկա այդ տեղամասը, որտեղ վերջին տասնամյակում իշխող ուժը հաղթանակ է տարել բոլոր ընտրությունների արդյունքներով, վերջին հանրաքվեի ժամանակ աչքի ընկավ բռնությունների ու կեղծիքների մասին բազմաթիվ ահազանգերով: Նշված ահազանգերում հիմնականում հոլովվում էր հենց Դավիթ Սիմոնյանի անունը: Բոլորի աչքի առաջ նա նախ կոտրել էր լրագրողի տեսախցիկը, ապա ընդհարվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, նաև խոչընդոտել էր «Ազատության» աշխատանքը։

Հանրապետականի վստահված անձը, սակայն, այդպես էլ օրենքի առջև պատասխան չտվեց: Քննչական կոմիտեն լրագրողին տեղամասից դուրս հանելու և տեսախցիկը կոտրելու մեջ հանցակազմ չգտավ։ Ի դեպ, չնայած բռնության դեպքերին ու արձանագրված կրկնաքվեարկություններին, այդ տեղամասի քվեների վերջնահաշվարկում մոտ 160 ձայնի առավելությամբ հաղթեց «Ոչ»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG