Լեհաստանը պնդում է, որ Արևելյան Եվրոպայի երկրներն անհանգստացած են սեփական անվտանգության համար, և Միացյալ Նահանգներին կոչ է անում ավելացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանի երկայնքով: Մոսկվան, սակայն, այս առաջարկը վտանգավոր է համարում:
Ռուսաստանի քաղաքականությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք հայտում են, թե իրենց բավարար չափով պաշտպանված չեն զգում: Այս շաբաթ Վաշինգտոնում է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին, ով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին փոխանցել է դաշինքի արևելյան երկայնքով ՆԱՏՕ-ի ուժեղացված զորակազմ տեղակայելու մասին իր երկրի առաջարկը:
«Անվտանգությունը հնարավոր է ապահովել ՆԱՏՕ-ի արևելյան թևում զորքերի տեղակայմամբ և պաշտպանական համակարգերի կառուցմամբ», - ասել է Վաշիկովսկին:
Լեհ արտգործնախարարի խոսքով, ՆԱՏՕ-ի զորքերի ֆիզիկական նկատելի ներկայությունը Լեհաստանում, Բալթյան երկրներում և Ռումինիայում կարևոր է այդ երկրների ապահովության համար:
«Ներկայության պակասը մեր թուլության տպավորություն է ստեղծում, ինչի արդյունքում էլ հնարավոր են սադրանքներ ռուսական կողմից», - ասել է Վաշիկովսկին:
Անդրադառնալով խնդրին՝ պետքարտուղար Քերրին հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միասնական է վտանգներին դիմակայելու գործում.
«Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և դաշնակիցները միասնական են երրորդ երկրների միջամտությունների կանխման և ժողովրդավարության, ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելիության ապահովման հարցում», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Միևնույն ժամանակ, Վիտոլդ Վաշիկովսկին նշել է, որ զորքերի ֆիզիկական ներկայությունը ամենևին էլ չի նշանակում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներգրավվելու ցանկություն:
«Ոչ ոք չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Պատերազմել ցանկացողները ցանկապատ չեն կառուցում», - նշել է Լեհաստանի արտգործնախարարը:
Մոսկվան Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացման կոչերը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն ոչ թե Ռուսաստանին է սպառնալու, այլ վտանգելու է Եվրոպայում ռազմավարական կայունության համակարգի գոյությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր ռազմավարությունը քննարկվելու է ամռանը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որն այս անգամ անցկացվելու է Վարշավայում՝ քաղաք, որտեղ 61 տարի առաջ հիմնադրվել էր հենց ՆԱՏՕ-ի դեմ ուղղված Վարշավյան պակտը, որը պատմությամ գիրկն անցավ Խորհրդային Միության փլուզումից հետո։