Խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովը կարծում է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է պատժի ուրիշի փոխարեն քվեարկած հանրապետականներ Առաքել Մովսիսյանին, գեներալ Սեյրան Սարոյանին և ևս 5 պատգամավորների։
Լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը հանձնաժողովի անդամները փակ դռների հետևում քննարկեցին, հանձնաժողովի ղեկավար, Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ միաձայն որոշել են՝ պատգամավորները խախտել են էթիկան․ - «Թեպետ համոզված ենք, որ դա Ազգային ժողովի նախագահի իրավունքն է, բայց, այդուհանդերձ, կարծում ենք ճիշտ կլինի, որ Ազգային ժողովի նախագահը կամ նիստը վարողը նման դեպքերում կիրառի ամենախիստ պատժամիջոցը: Մենք այդ կարծիքին ենք»:
Լրագրողների հարցին՝ ո՞րն է ամենախիստ պատժամիջոցը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց․ - «Օրենքը կանոնակարգում է: Այնտեղ կա՝ 6 օրվա ընթացքում զրկել նիստերի մասնակցելուց»:
Հարությունյանը ասաց, որ հետագայում նման դեպքերից խուսափելու համար առաջարկում են Ազգային ժողովի նախագահին օրակարգ բերել կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագիծը, որով էթիկայի կանոնները խախտած պատգամավորները պատասխանատվության կենթարկվեն՝ կզրկվեն աշխատավարձից կամ ձայնի իրավունքից․ - «Մենք առաջարկել ենք Ազգային ժողովի նախագահին առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաև այդ օրենքի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը»:
Յոթ պատգամավորների, այդ թվում՝ հինգ հանրապետականների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը արձանագրել է լրագրող Լիլիթ Լալայանը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում, երբ կառավարությունը խորհրդարան էր բերել անհետաձգելի կարևոր օրինագծեր։
Լրագրողը գոհ էր հանձնաժողովի այսօրվա որոշումից, թեև պատիժը համարում էր մեղմ։ Ինքն էլ է պատրաստվում նամակով դիմել Գալուստ Սահակյանին․ - «Ինձ համար նիստերից զրկելը բավարար չէ, որովհետև այն մարդիկ, ովքեր հայտնվել են կիզակետում և որոշում է կայացվել իրենց հարցով, այդ մարդիկ ավելի կոգևորվեն՝ չգալով Ազգային ժողով, որովհետև ոչ ակտիվ պատգամավորներն են, ակտիվ են միայն ուրիշի փոխարեն քվեարկության հարցում»:
Ի դեպ, պատգամավորների դեմ դիմում ներկայացնելուց հետո լրագրողը կորցրել է աշխատանքը, բայց սա նրան չի ընկճում: Եթե ԱԺ նախագահը իր նամակին ընթացք չտա, պատրաստ է անգամ փաստաբանների հետ խորհրդակցելով՝ հարցը դատարան հասցնել։