«Ռուսները կրկնում են ամերիկացիների սխալները»
Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բունդեսթագ ընտրված գերմանացի օրենսդիր Կարլ-Գեորգ Վելմանն, ով համարվում է Ռուսաստանի հարցերով փորձագետ, Focus հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում կրկնում է Իրաքում Ամերիկայի կատարած սխալները։
«Դժվար է հասկանալ ռուսներին, նրանք անցել են շիաների` Իրանի, «Հըզբոլա»-ի և Բաշար ալ-Ասադի կողմը, ոխերիմ թշնամի են դարձել սունիների համար, թեպետ գիտակցում են, որ Ասադը պարզապես չի կարող երկար ժամանակ մնալ Սիրիայում»- ասել է պատգամավորը։
Նրա համոզմամբ, ռուսները Սիրիայում անխոհեմ ռազմավարություն են գործադրում` ռմբահարում են բնակելի թաղամասերը, հիվանդանոցներն ու դպրոցները, այդ զանգվածային ավերածությունների արդյունքում զոհվում են հարյուրավոր անմեղ մարդիկ։ Նույն սխալն Իրաքում ամերիկացիներն են արել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պետք է հասկանա, որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով։
Մեծ հրդեհի վտանգ հսկայական տարածքում
Գերմանացի օրենսդիրն ասել է, թե խիստ մտահոգված է պատերազմի մեջ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հնարավոր ներգրավման հեռանկարով, քանի որ այդ երկու երկրներն ակնարկել են, թե կարող են զորք մտցնել և բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնց թիրախը կդառնան ռուսական ինքնաթիռները։
«Այս հակամարտությունը կարող է վերածվել մեծ հրդեհի` հսկայական տարածքի վրա, դա անհրաժեշտ է կանխել»,- ասել է Վելմանը։
Նրա կարծիքով, Սիրիայում Ռուսաստանի քաղաքականության հիմնական նպատակը Պուտինի վարկանիշի խթանումն է։ Ռուսաստանը մեկուսացված է, ռուբլին արժեզրկվում է, տնտեսությունը փրկելու բարեփոխումներ չկան, սեփական ուժով պարծենալը կարող է շեղել մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից, բայց դրանք օրեցօր բարդանում են։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը բավական վատ է կառավարվում։
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանում պետական համակարգը ծառայում է մեկ մարդու` Պուտինին, նա ունի բացարձակ իշխանություն, բոլորը կատարում են նրա հրահանգները, նրա սխալները կարող են մահացու հետևանքներ ունենալ, քանի որ չկա հակակշիռ, չկա կոլեկտիվ մարմին, որը կարող է կանգնեցնել Պուտինին»,- ասել է Բունդեսթագի պատգամավորը։
Focus-ին տված հարցազրույցում նա միաժամանակ ընդգծում է, որ Ռուսաստանի բնակիչների մեծ մասը աջակցում է Պուտինին, հետևաբար՝ Արևմուտքը պետք է շարունակի երկխոսությունը նրա հետ և օգնի Ռուսաստանին ուրիշ ճանապարհ ընտրել։
«Պուտինի քաղաքականության նպատակը Մերկելի դիրքերի թուլացումն է»
Կարլ-Գեորգ Վելմանի կարծիքով, Սիրիայում Պուտինի քաղաքականության երկրորդ նպատակը Եվրոպայի ապակայունացումն է։
Ռմբահարումների հետևանքով փախստականների թիվն ավելանում է, նրանք փորձում են տեղափոխվել Եվրոպա, մասնավորապես՝ Գերմանիա, ուստի դա մեծ հարված է Անգելա Մերկելին, դրա նպատակը կանցլերի դիրքերի թուլացումն է։
«Ռուսաստանը հույսեր է կապում Եվրոպայում աջակողմյան, պոպուլիստական ուժերի հետ, Ռուսաստանը մի քանի անգամ ակնարկել է, թե ընդամենը 4 շաբաթում կգրավի Վարշավան, հետևաբար՝ մենք պարտավոր ենք պատրաստ լինել Պուտինի հետ հակամարտության»,- ասել է Կարլ-Գեորգ Վելմանը։