Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Իշխանությունները կառչած են իրենց ընտրակեղծարարության մեխանիզմներին


Եթե Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, նրանք կորցնելու են իշխանությունը, ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Իշխանություններն ամեն արդարացում կգտնեն, միայն թե չանեն այն, ինչ վնասում է իրենց ընտրակեղծարարության ծրագրերին, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հակադարձելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի դիտարկմանը նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկի կապակցությամբ։

Հայ ազգային կոնգրեսը չորս առաջարկ էր հնչեցրել նոր ընտրական օրենսգրքի շուրջ, այդ թվում՝ մատների թանաքոտման տարբերակը։ Նոր ընտրական օրենսգրքի հեղինակներից Հրայր Թովմասյանը հակադարձել էր. - «Օդանավակայանում քանի անգամ են ասում՝ մատդ վերցրու, նորից դիր։ Այդ սարքի վրա մատը դնելով երկու միլիոն մարդ մեկ օրվա ընթացքում չի անցնում, սարքերը խաթարվում են, բացի դրանից, հնարավոր է, որ մատնահետքը երկաթի կտորին մի քիչ քսեք ու չլինի ձեր մատնահետքը»։

Զուրաբյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ այդ համակարգերը շատ հաջող գործում են աշխարհում։ «Ամեն փաստարկ կբերեն, ամեն արդարացում կբերեն, բայց խնդիրն այն է, որ այդ համակարգերը շատ հաջող գործում են աշխարհում՝ էլեկտրոնային համակարգ են կիրառել մատնահետքի իդենտիֆիկացիայով, որը փայլուն արդյունքներ է տվել, և շատերը շատ գոհ են դրանից, հիմա էդ ի՞նչ է եղել, Ղրղըզստանում էդ համակարգը կարող է աշխատել, իսկ Հայաստանում չի՞ կարող աշխատել։ Հայաստանում չի կարող աշխատել միայն մեկ պատճառով՝ որ Թովմասյանը և նրա նման ընտրակեղծարարներն ամեն ինչ անելու են, որ պահպանեն իրենց այդ ընտրակեղծարար համակարգի անարատությունը», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Կոնգրեսը նաև առաջարկել էր ընտրական ողջ գործընթացը հեռարձակել համացանցով։ Իշխանություններն էլ ասում են, թե ծրագրի իրագործումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում։

«Դա խաբեություն է, իրականում, եթե ուզում եք, 50 հազար դոլարով կարելի է բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրել։ Սա ուղղակի ընդհանրապես սուտ է, մենք կարող ենք այդ հաշվարկն էլ ներկայացնել, եթե պետք է։ Հիմա այդ վեբ կամերաները շատ էժան են, և դա շատ հանգիստ կարելի է տեղադրել բոլոր տեղամասերում: Ընդ որում, մենք ասում էինք երկու տեսախցիկ տեղադրենք՝ մեկը հենց տեղամասում, մյուսը՝ տեղամասից դուրս, որ նաև այդ հարակից տարածքը հսկվի, իսկ քաղաքացիական հասարակությունը մի քայլ մեզանից առաջ է գնացել, նա պահանջում է, որ հինգ տեսախցիկ ամեն մի տեղամասում տեղադրվի։ Սկզբունքորեն դեմ չենք, ինչքան շատ՝ այդքան լավ, ավելի շատ վերահսկողություն, և դա բացարձակապես ծախսերի հետ կապված չէ», - ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ ծախսատար է մատնահետքերի իդենտիֆիկացման էլեկտրոնային համակարգը․ - «Դա մոտավորապես 25 միլիոն դոլար արժե, բայց Ղրղըզստանում դա արվել է, Ղրղըզստանը հո իր փողերը չի ծախսել՝ նրան օգնել են։ Նույն ծրագիրը կարելի է մշակել և ԵԱՀԿ-ի առաջնորդությամբ, ասենք՝ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները կարող են նման համակարգի ներդրման հովանավոր դառնալ, և շատ կարևոր է, որ նաև այդ համակարգի աշխատանքը վերահսկվի ԵԱՀԿ-ի փորձագետների միջոցով, որ մենք վստահ լինենք, որ որևէ խարդախություն չի կիրառվում, ասենք, ծրագրավորման կամ օպերատորական մակարդակով, այնպես որ՝ այդ հարցերը բոլորը լուծելի հարցեր են»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունների արդարացումները բացարձակապես անընդունելի են։ «Եվ իրականում նշանակում են մի բան՝ նրանք կառչած են իրենց ընտրակեղծարարության մեխանիզմներին, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն, և հանրաքվեն էլ ցույց տվեց, որ նրանք բացարձակապես ոչ մի աջակցություն չունեն ժողովրդի մեջ, և եթե Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, նրանք կորցնելու են իշխանությունը», - հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG