Մատչելիության հղումներ

Արամայիս Ավագյանին 14 տարով ազատազրկելու դատավճիռ՝ ուզբեկական բանտում


Արամայիս Ավագյանը որդու հետ
Արամայիս Ավագյանը որդու հետ

Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեություն ծավալելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայազգի Արամայիս Ավագյանին և նույն գործով մյուս ամբաստանյալներին բանտում տեղեկացրել են, որ նրանք դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման: Այս տեղեկությունն այսօր Արամայիս Ավագյանի մորը՝ Ֆլորա Սաքունցին հայտնել է փաստաբանը:

«Էսօր ադվոկատը զանգել ա ու ասել՝ առանց մեզ բանտում դատ են արել ու բոլորին 14 տարի են տվել»։

Փաստաբանը նաև փոխանցել է՝ դատական նիստերի քարտուղարը տեղեկացրել է, թե դատավճռի կրկնօրինակը դեռ պատրաստ չէ: Արամայիս Ավագյանի փաստաբանն, ըստ Ֆլորա Սաքունցի, հորդորել է «սպասել 2-3 օր՝ մինչև դատավճիռն ստանալը»: Սակայն Ֆլորա Սաքունցը մտավախություն ունի, որ դատավճռի տրամադրման ձգձգումները կարող են ունենալ մեկ նպատակ՝ հնարավորություն չընձեռել օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարան դիմելու համար:

Արամայիս Ավագյանը գործով միակ ամբաստանյալն է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա դատարանում պատմել է, որ իրեն խոշտանգել են, ոտքն են կոտրել նախաքննության ժամանակ` փորձելով պարտադրել ինքնախոստովանական ցուցմունքներ։

Երկու տարի առաջ Արամայիս Ավագյանը արհեստական ջրամբար է կառուցել և զբաղվել ձկնաբուծությամբ: Ձկնաբուծարանը գրավել է Դիզակի համայնքապետ Գաֆուր Կարշիբաևին: Նա տևական ժամանակ հայազգի երիտասարդի ձեռքից բիզնեսը խլելու անհաջող փորձերից հետո, հարազատների պնդմամբ, սպառնացել է՝ «կնստես բանտում»:

Վերջին երկխոսությունից երեք օր անց, ըստ ընտանիքի պնդումների, պարկը քաշել են Արամայիս Ավագյանի գլխին, ձեռնաշղթաներ հագցրել: Հարազատները 40 օր չեն իմացել, թե որտեղ է նա:

Որպես իսլամիստական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, նախաքննական մարմինը գործին կցել է մի լուսանկար, որտեղ Արամայիս Ավագյանը, գերդաստանի մյուս տղամարդիկ ևս մորուքով են: Քննիչը, ընտանիքի փոխանցմամբ, հրաժարվել է արձանագրել բացատրությունը, որ Արամայիսը մորուք էր պահել ըստ հայկական ավանդույթի, քանի որ մահացել էին նրա եղբայրն ու պապիկը:

Ավագյանի նկատմամբ բռնությունների և նրա դեմ ապօրինի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու խնդրանքով անցյալ ամիս Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Հայաստանի մարդու իրավունքների այժմ արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ապա Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր դիմել Ուզբեկստանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով «Արամայիս Ավագյանի գործի քննությունը պահել ուշադրության ներքո»։

Համացանցում շարունակվում է Ավագյանին ազատ արձակելու վերաբերյալ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին հասցեագրված ստորագրահավաքը։

«Հայկական կողմը կարող է այս հարցը տեղափոխել միջազգային հարթություն»

Արամայիս Ավագյանի գործով նաև ուզբեկական մամուլում հետևողական հրապարակումների պայմաններում բանտում դատավճիռ հրապարակելու մասին տեղեկությունը անսպասելի է համարում Ուզբեկստանում հալածանքներից հետո Կանադայում ապաստան ստացած լրագրող Ուլուկբեկ Աշուրը:

«Այս գործը շատ աղմկահարույց է, բոլորը գիտեն այդ մասին և բոլորը սպասում են՝ տարբեր կազմակերպություններ, աշխարհի հայերը, և հանկարծ՝ այդպիսի լուր, որ թաքուն կարդացել են դատավճիռ»,- «Ազատությանն» ասաց Աշուրը:

Ըստ Աշուրի, Ուզբեկստանում բանտում դատավճռի մասին տեղեկացնում են, երբ խոսքը վերաբերում է իսլամիստ ծայրահեղականության, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներին:

«Մեզ մոտ բռնատիրական երկիր է, իշխանությունը բռնատիրական է, մշտապես ճնշում են մարդկանց, և նրանք ինչ ուզում, անում են»,- ասաց լրագրողը և ամփոփեց.- «Հայկական կողմը կարող է այս հարցը տեղափոխել միջազգային հարթություն՝ Արամայիսի հարցը բարձրացնել ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների առջև՝ որպես երկիր: Միայն այդպես հնարավոր կլինի փրկել Արամայիսին, եթե իսկապես նրա վերաբերյալ դատավճիռը կարդացել են թաքուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG