Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության՝ Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում Իլհամ Ալիևին հարց է ուղղել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից, որի անունը չի նշվում:
Դա տեղի է ունեցել շաբաթ օրը՝ համաժողովի շրջանակում կլիմայի և էներգետիկ անվտանգության հարցերով քննարկումների ժամանակ: Այդ «կլոր սեղանի» ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը հարցրել է․ - «Ինչպե՞ս կբացատրեք, որ Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր վատ բաների համար մեղադրվում է Հայաստանը: Օրինակ, միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար՝ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն Ադրբեջանի մասին լուրջ բանաձևեր են ընդունում՝ Ադրբեջանը քննադատում է Հայաստանին և հայկական լոբբիստական կազմակերպություններին, նույնիսկ երբ նավթի արդյունահանումն է կրճատվում, Ադրբեջանը British Petroleum-ին է քննադատում Հայաստանի հետ դավադրության համար»:
Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, թե հարցադրման մեջ հնչած մտքերը սխալ են, իրենք դրանց համար չեն մեղադրում Հայաստանին: Նա շարունակել է, որ եվրոպական կառույցների կողմից քննադատվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կեղծելու ու կառավարության գործած «շատ ուրիշ բաների» համար: Ապա Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին՝ վերստին հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնցում, ըստ նրա, պահանջվում է «զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից», խոսել է Խոջալուի «ցեղասպանության» մասին, որը, Ալիևի պնդմամբ, «արդեն տասը երկիր ճանաչել է», «մեկ միլիոն փախստականների և ստիպողաբար տեղահանվածների տառապանքների» մասին:
«Այս ամենը ձեր օկուպացիայի արդյունքն է, սա ձեր՝ հարևան երկրի դեմ տարվող քաղաքականության արդյունքն է: Օկուպացիային պետք է վերջ տրվի: Տարածաշրջանում խաղաղության հասնելու գլխավոր պայմանը ադրբեջանական հողերի ազատումն է», - հայտարարել է Ալիևը ի պատասխան հայ դիվանագետի հարցի: