Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հաստատակամ է ընտրատարածքային հանձնաժողովի դեմ մեղադրանքը դատարան հասցնելու գործում


ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, արխիվ:
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, արխիվ:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պնդում է, որ Նոր Նորքի ընտրատարածքային հանձնաժողովում կեղծիք է կատարվել վերահաշվարկի ենթակա ընտրատեղամասերը որոշելիս, և դատախազությունից պահանջում է վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը քրեական գործ չհարուցելու մասին:

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պնդում է, որ քրեական գործ հարուցելու հիմքեր կան․ - «Ընտրարածքային հանձնաժողովները այնպես են իրենց աշխատանքը կազմակերպում, որ մեր վերահաշվարկի դիմումներին հերթ չհասնի: Եվ իմանալով դա, մենք դիմեցինք ընտրատարածքային հանձնաժողով վերջնաժամկետից տասը րոպե առաջ՝ ներկայացնելով մեր չորս դիմումները»:

Ընտրատարածքային հանձնաժողովում սպասել են մինչև վերջնաժամկետի ավարտը և այդ ընթացքում էլ որևէ մեկին չեն նկատել: Սակայն հաջորդ օրը պարզվել է, որ վերահաշվարկի դիմումների թիվն ավելացել է, և վիճակահանությամբ առաջնահերթությունը տրվել է ոչ թե ՀԱԿ-ի, այլ ՀՀԿ-ի մատնանշած տեղամասերին:

Նոր Նորքի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, տեղակալն ու քարտուղարը հերքում են մեղադրանքները: Նրանք պնդում են, թե դիմումները գրանցել են ժամանակին:

Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ իրենց հասցեագրված մեղադրանքները միայն ենթադրություններ են․ - «Ստացվել էր այդ դիմումները, դա սարքած դիմում չի, ինչպես փորձում եք ներկայացնել․․․ Մենք օրենքով ենք շարժվել»:

Հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Մելիքյանը, ով մատյանում գրանցումներն է իրականացրել, ևս պնդեց, թե ամեն ինչ ժամանակին են արել․ - «Մերկապարանոց ասելով չի․․․ Իրենք բոլոր մուտք ու ելք անողներին ճանաչո՞ւմ են»:

«Ազատության» հետ զրույցում ո՛չ հանձնաժողովի նախագահը, ո՛չ էլ քարտուղարը չհիշեցին, թե քանի հոգի են վերջնաժամկետից րոպեներ առաջ մոտ մեկ տասնյակ դիմում ներկայացրել:

«Կարող է կուսակցությունը մի քանի հատ միանգամից բերած լինի: Դա էլ է հնարավոր», - ասաց Գուրգեն Խաչատրյանը՝ հավելելով․ - «Քարտուղարն է ընդունել»:

Իսկ քարտուղար Լյուդմիլա Մելիքյանն ասաց․ - «Ես հիմա չեմ հիշում, չեմ կարող ասել: Իրենից հետո եկել են այդ տղաները, բերել են այդ դիմումները: Ինքը երբ որ եկավ, միջանցքում տղաներ կային կանգնած: Ես հետո հասկացա, որ այդ տղաներն էլ էին դիմում բերել»:

Ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրունզիկ Վարդանյանն ասաց, թե ՀՀԿ-ի դիմումատուները հավանաբար այլ մուտքից են մտել․ - «Ես դուրս եմ եկել միջանց: Պարոն Կարապետյանը իր կնոջ հետ է դուրս եկել: Ես մի երկու րոպե իրենց հետ դրսում զրուցում էի, բայց այդ պահին, ըստ մեր հանձնաժողովի մնացած անդամների մեկնաբանության, ներկայացվել են նաև մյուս դիմում-բողոքները վերահաշվարկի մասին․․․ Բացի այդ, մենք այնտեղ ունենք մուտքի երկու դուռ: Մենք մուտքերից մեկի մոտ էինք զրուցում, մյուս մուտքով, հավանաբար, մտել են»:

Վլադիմիր Կարապետյանը, սակայն, հակադարձեց․ - «Մենք մարդ ենք ունեցել այնտեղ, և բացառվում է, որ մենք չնկատեինք»:

Քրեական գործի հարուցումը մերժած քննիչ Սմբատ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որոշումն ընդունելուց առաջ ստուգել է փաստերը, բացատրություններ է վերցրել, գրանցամատյանում կասկածելի ոչինչ չի նկատել․ - «Եթե չկա կասկածի հիմք, այսինքն՝ չկա հավելագրում, չկա ջնջում․․․»:

Դիտարկմանը, թե կարող էին գրել առանց ջնջումների, ՀՔԾ-ի քննիչը հակադարձեց․ - «Քրեական գործը հո «կարող ա»-ների վրա հիմնվա՞ծ չի: Մենք փաստերն ենք ուսումնասիրում և իրավական վերլուծություն ենք տալիս»:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ հասնելու են մինչև դատարան․ - «Ես շատ կուզեի նայել այդ հանձնաժողովի նախագահի աչքերին: Վստահ եմ, որ այդ հնարավորությունը կունենամ եթե ոչ քննչական մարմնում, ապա դատարանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG