Մատչելիության հղումներ

Հրանտ Մաթևոսյան․ Գրականությունը աշխարհի ազնվանալու տառապալից ճիգ է


Այսօր հայ մեծագույն գրողներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Կոմիտասի անվան պանթեոնում գրողի ընտանիքի կողքին էին նրա գրչընկերները, մտերիմները, ընթերցողները:

«Յուրաքանչյուր մարդու մեջ աստված կա, ու յուրաքանչյուրի աստվածն ամենախորը հարգանքի է արժանի: Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն», - գրել է Մաթևոսյանը:

Նրա համոզմամբ՝ մեր գրականությունը «մի քիչ այլ բան է եղել, քան այլ երկրներինը: Մեր գրականությունը, Աբովյանից սկսած փոխարինել է պետականությանը: Հետո՝ խորհրդային իշխանության տարիներին մեր գրականությունը «մեր իշխանությունների և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն էր, ազգային ինքնավարությունը»․ - «Եկեղեցուն հավասար մի բան էր: Ինչպես հազար տարի շարունակ մեր եկեղեցին էր փոխարինում մեր պետականությունը, Աբովյանին սկսած՝ մեր գրականությունը մեր պետականությունն է: Մեր պետականությունը ապաստանել է հայ գրականության մեջ»:

Այսօրվա երիտասարդ սերնդի համար էլ Հրանտ Մաթևոսյանը սիրելի ու հարազատ անուն է:

«Չուզելու դեպքում անգամ անհնար է յոլա գնալ առանց Մաթևոսյանի գրականությունը ընթերցելու, որովհետև դա սոսկ տեքստ չէ, դա գաղափարների, մոտեցումների, խիզախումների, լեզվի մեջ չոր մտնել-չոր դուրս գալու այդ տարածությունն է, որ ցանկացած գրողի համար պետք է ուսանելի դաս լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ շարունակելով․ - «Մաթևոսյանն ամրագրել է խոսքի այնպիսի բարձր չափանիշ, որ նույնիսկ հիմա ես, երբ փորձում եմ խոսել իր մասին, հազիվ եմ բառերս կպցնում իրար: Որովհետև դա խոսքի այնպիսի տարերք է, որի առջև կարելի է լոկ խոնարհվել ու դրանով սահմանափակվել՝ ավելին չկարողանալու պատճառով»:

«Նրա գրականության մեջ մեր բոլոր նկարիչների գույները կան: Օրինակ, «Գոմեշը» պատմվածքում բացահայտ մինասավետիսյանական գույներ են, մյուս գործերում Կալենցը կա, Մարտիրոս Սարյանը կա, նույնիսկ մի քիչ ավելի մռայլ Հակոբ Հակոբյանը կա: Ինքը լրիվ իր երկրի, իր հողի, իր ժայռերի, ծերպերի, գետերի մարդն էր, և հոգսը իր երկրի մասին նա կարողացել է դնել թղթի վրա», - «Ազատության»-ն ասաց գրող Գուրգեն Խանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG