Ավտոներկրողները հիշեցնում են, որ օրեր առաջ ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, թե Հայաստանի կողմից այդ հարկատեսակի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պարտավորություններին:
Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը չի բացառում, որ պատասխան չստանալու դեպքում փողոց դուրս կգան կամ կդիմեն դատարան․ - «Ուզում եմ իրենց հետ խոսեմ, տղամարդավարի հասկանամ՝ ինչո՞ւ են դա գանձել, ինչո՞ւ մենք պետք է շարունակենք վճարել այդ գումարները»:
Տիգրան Հովհաննիսյանը վերջին անգամ ամիսներ առաջ է Ռուսաստանից մեքենա ներկրել՝ վաճառելու նպատակով: Հաշվել ու պարզել է, որ եթե հավելյալ հարկը չգանձվեր, մեքենան կարող էր Հայաստանում 2-3 հազար դոլարով ավելի էժան վաճառել:
Ավտոներկրողները կառավարությունից պահանջում են նաև վերանայել հարկային վարչարարությունը, որը, իրենց բնորոշմամբ՝ ճիպոտ է դարձել և թույլ չի տալիս իրենց եկամուտ ստանալ:
Մեկ այլ ավտոներկրող՝ Պողոս Օղլուկյանի խոսքով, եթե մեկ տարվա ընթացքում մեկ մեքենայի դեպքում ԱԱՀ-ն մուծում են միայն ներմուծելիս, ապա երկրորդի դեպքում՝ ինչպես ներմուծելիս, այնպես էլ վաճառելիս:
Ձեռներեցը պնդում են, թե օրենքը բազմաթիվ սողանցքներ ունի, հարկային տեսուչներն էլ, դրանք օգտագործելով, հաճախ փորձում են իրենց մոլորեցնել:
Կամո Թումանյանի համար այդ սողանքները ճակատագրական են եղել․ նա պատմեց, որ երբ հարկայինից լսել է, որ երկու մեքենաների վաճառքից ստացած 5 միլիոն դրամից 3 միլիոնը պարտավոր է պետբյուջե մուծել, սրտի կաթված է ստացել: Թեպետ դատարանը չի բավարարել տեսուչի պահանջը, ձեռներեցը առողջությանը պատճառված վնասի համար փոխհատուցում է պահանջում նրա վերադասից՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից։ - «Ոչ մեկը չկանչեց, մի հատ ներողություն չխնդրեց, մի բան չասաց», - ասում է Թումանյանը։
Ֆինանսների նախարարությունը դեռևս չի արձագանքել Եվրասիական տնտեսական միության նախարար Տատյանա Վալովայայի՝ անցած շաբաթվա հայտարարությանը Հայաստանում ապօրինի գանձվող հարկատեսակի մասին: Նախարարությունը առայժմ չի պատասխանել նաև այս թեմայով «Ազատության» հարցումներին:
Այսօր ավելի ուշ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, թե ՀՀ իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: