Նախօրեին Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է սահմանին մոտ տներից մեկը, ճաքել է պատը, կոտրվել են պատուհանները։
Սիմոն Անանյանի տունը ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու, երեկոյան լույս գրեթե չեն վառում, բայց դա էլ չի օգնել, կեսգիշերից հետո փամփուշտները կոտրել են նրա տան ապակիները։
«Որ սկսեցին կրակոցները, տունը ցնցվեց, թոռս փախնելով հասավ առաջին հարկ։ Չէինք կարում տնից դուրս գայինք, որ տենայինք որտեղ ա խփած»,- պատմեց Անանյանը։
Հարևան տանը բնակվող Կարինե Ալիխանյանի ընտանիքը ևս խուճապահար պատսպարվել է կրակոցների դղրդյունից։ «Գիշերվա կրակոցներին ահուզարզանդ ընկավ սաղ գեղը»,- ասում է նա։
Սահմանամերձ գյուղում ապրելու ու այստեղից չհեռանալու համար պետք է համարձակ լինես, ասում են բերքաբերցիները՝ ավելացնելով, սակայն, որ համագյուղացիներից շատերին արդեն ճանապարհել են։ Գյուղում ապրող երեխաները ստիպված են միշտ զգոն լինել, միայնակ տնից հեռու չգնալ։
Մամիկոն Խուդավերդյանն ասում է՝ պետությունը 50 տոկոսով փոխհատուցում է իրենց ծախսած հոսանքի վարձը, բայց միևնույն է՝ գյուղում ապրուստ դժվարությամբ են վաստակում, զրկված են անգամ այգի մշակելու հնարավորությունից։
«Եվրոապրուստի մասին չենք մտածում, մենք ուզում ենք գոնե գոյատևել»։
Կարինե Ալիխանյանն ավելացնում է՝ անվտանգությունից բացի ձանձրույթն էլ է տանջում. երբեմն ստիպված են ամբողջ օրը փակված տանն անցկացնել։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նախորդ օրերի լարվածությունից հետո այսօր Տավուշի սահմանին համեմատաբար հանգիստ է։