Ադրբեջանի սպորտի նախարարը երեկ հայտարարել է, որ չնայած երկրում տիրող տնտեսական ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող, նաև ամենաթանկարժեքը համարվող սպորտային միջոցառումներից մեկի` Formula 1-ի եվրոպական «Գրան Պրի»-ի հերթական փուլը Բաքվում հյուրընկալելու մտադրությունից:
Մրցաշարը հյուրընկալելու գաղափարը Ադրբեջանի իշխանությունների մոտ ծագել էր երկու տարի առաջ, երբ նավթի մեկ բարելի գինը 120 դոլար էր, մեկ մանաթի գինը արժութային շուկայում ավելի բարձր էր, քան ամերիկյան մեկ դոլարինը, տնտեսական աճի տեմպերն էլ մոտենում էին հինգ տոկոսի ցուցանիշին: Այդ ժամանակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները պայմանագրեր ստորագրեցին Formula 1-ի կազմակերպիչ ընկերությունների հետ` ցանկանալով, որպեսզի Բաքուն համալրի այս մրցաշարը հյուրընկալող այնպիսի քաղաքների շարքը, ինչպիսին են Սինգապուրը, Մոնակոն կամ, ասենք, Բարսելոնան:
Այսօր, սակայն, երբ երկրում տնտեսական ճգնաժամ է, պաշտոնական Բաքուն հայտնվել է երկիմաստ կացության մեջ՝ ի վիճակի չլինելով հրաժարվել Formula 1-ի անցկացումից: Բանն այն է, որ ավտոմոբիլային մրցարշավների կազմակերպման մասին կնքված պայմանագրի համաձայն, Ադրբեջանը դրանք անցկացնելու իրավունքը ստացել է 10 տարի ժամկետով: Պայմանագրի գործողության առաջին հինգ տարիներին Ադրբեջանը պարտավոր է մրցումներ կազմակերպել: «Գրան Պրի»-ի խափանված ամեն մի փուլի համար Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է մեծ տուգանք վճարել:
BBC-ի ադրբեջանական ծառայության տեղեկություններով, մրցումների անցկացման տարեկան իրավունքը Բաքուն ձեռք է բերել 34 միլիոն դոլարով: «Ամեն տարի այս գումարն աճելու է 10 տոկոսով՝ պայմանագրի գործողության հինգերորդ տարում հասնելով մոտ 50 միլիոնի», - նշում է BBC-ն:
«Թուրան» գործակալության տեղեկություններով, սակայն, Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը պնդել է, թե մրցումների անցկացման տարեկան բյուջեն ընդամենը 12 միլիոն դոլար է կազմելու: Ադրբեջանի իշխանությունները, մինչդեռ, չեն բացահայտում Formula 1-ի անցկացման համար անհրաժեշտ ջանքերի ամենածախսատար հատվածի` բուն ավտոմոբիլային ստադիոնի, հատուկ պահանջների համապատասխան կառուցվող օղակաձև ավտովազքուղու շինարարության գինը:
Սոչիում, օրինակ, Formula 1-ի ավտովազքուղու՝ 2011-13 թվականներին իրականացված շինարարությունը ռուսաստանյան բյուջեին արժեցել է շուրջ 200 միլիոն դոլար:
Meydan TV-ի փոխանցմամբ, Ադրբեջանը մրցումների կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վրա առնվազն 80-90 միլիոն դոլար է ծախսելու: Կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Formula 1-ի տնտեսական նրբություններն ուսումնասիրող փորձագետ Քրիսթիան Սիլթը:
Բնական է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում որքան էլ չլինեն նման ծախսերը` 80 միլիոն թե 200 միլիոն, միևնույն է, հանրության շրջանում դրանք ընկալվում են որպես ավելորդ ծախսեր:
Ադրբեջանական ընդդիմության առաջնոդներից մեկը` «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ - «Formula 1-ի մրցումները, ըստ երևույթին, հենց այն հակաճգնաժամային ծրագիրն էին, որ ամիսներ շարունակ խոստանում էր ներկայացնել մեր կառավարությունը: Այս ծախսերը կատարվելու են 100 հազար աշխատատեղերի կրճատման, շուրջ 2.5 միլիոն քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման անկարողության և չդադարող գնաճի ֆոնին»: