«Ազատության» հետ զրույցներում երևանցիները բողոքում էին, որ հատկապես բարձրադիր՝ Նոր Նորքի զանգվածներում ու Ավանում մաքրող մեքենաներ չկան, հասարակական տրանսպորտը խափանումներով է աշխատում։
Երթուղայինների վարորդները չէին հերքում, որ ժամանակացույցից հետ են ընկել «ճանապարհներին կուտակված ձյան պատճառով»․ - «Մասիվում, Ջրվեժում ահավոր վիճակ ա»:
Քաղաքապետարանը, մինչդեռ, պնդում է, թե ձյան մաքրման աշխատանքները պատշաճ իրականացվում են, պարզապես արդյունքը դեռ տեսանելի չէ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է․ - «Ամբողջ քաղաքում ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են։ Իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում, իրականացվում են այս պահին և կիրականացվեն այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ մաքրվեն փողոցները»:
«Խնդիրն այն է, որ տեղացող ձյան պարագայում, բնականաբար, աշխատանքի արդյունքը այդքան էլ տեսանելի կարող է չլինել: Բայց տեսանելի չլինելը բնավ չի նշանակում, որ աշխատանք չի կատարվում», - հավելեց նա։
«Սանիտեկ»-ը իր հերթին ժամեր առաջ հայտարարություն տարածեց՝ խոստանալով Երևանի գլխավոր ճանապարհները ձնից ամբողջությամբ մաքրել երկու, իսկ երկրորդականները՝ երեք օրում։