Մատչելիության հղումներ

Բաքուն հայտարարում է, որ ԿԽՄԿ-ի հետ քննարկել է «Ասկերովի և Գուլիևի վերադարձի հարցը»


Ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը դատարանի դահլիճում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.
Ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը դատարանի դահլիճում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

ԿԽՄԿ-ի ղարաբաղյան առաքելության խոսնակն ասում է, որ «նման տեղեկատվության չի տիրապետում»։

Բաքուն հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը հնարավորություն կունենան հարազատների հետ շփվել Skype-ի միջոցով։

Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարության հետ Ժնևում տեղի ունեցած հանդիպումներում։ «Ես խնդրել եմ ԿԽՄԿ-ի նախագահին, որպեսզի նրանք գոնե հնարավորություն ստեղծեն, որպեսզի Գուլիևն ու Ասկերովը իրենց ընտանիքի անդամների հետ շփվեն Skype-ով։ Նա խոստացել է զբաղվել այդ հարցով։ Երևի մոտ ժամանակներս մենք դա կանենք», - հայտարարել է Հասանովը։

Վերջինս, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, ասել է, թե ԿԽՄԿ-ի ղեկավարների հետ քննարկել է նաև «Ասկերովի և Գուլիևի վերադարձի հարցը»։

«Ես վերջերս մասնակցել եմ Ժնևում տեղի ունեցած միջազգային միջոցառումներից մեկին։ Այնտեղ էլ մեր գերիների հարցի քննարկման նպատակով հանդիպել եմ ԿԽՄԿ-ի նախագահի հետ։ Նա խոստացել է, որ է'լ ավելի լրջորեն կզբաղվի այդ գործով։ Հայերը նրանց այդքան հեշտ չեն վերադարձնի, քանի որ դա նրանց համար սկզբունքի հարց է», - ասել է Հասանովը՝ շարունակելով. - «Մենք շատ հայ գերիներ ունենք, առաջարկում ենք նրանց բոլորին փոխանակել։ Սակայն հայերը չեն համաձայնում»։

«Ազատության» հարցին՝ արդյոք ԿԽՄԿ-ի ղարաբաղյան առաքելությունը տեղյա՞կ է նման պայմանավորվածության մասին, առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը պատասխանեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության։ «Նման պայմանավորվածությունները ձեռք են բերվում իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում։ Իշխանությունները պետք է նման հնարավորության թույլտվություն տան։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք կրում են բացառապես գաղտնի բնույթ», - նշեց ԿԽՄԿ-ի ղարաբաղյան առաքելության խոսնակը։

Մուսայելյանի խոսքով, հարազատների հետ Skype-ով շփումը ընդհանուր առմամբ կիրառվում է ԿԽՄԿ-ի գործունեության շրջանակներում, սակայն առավել տարածված է ձեռագիր նամակների միջոցով կապ պահելը։

Հիշեցնենք, 2014 թվականի դեկտեմբերին Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG