Հյուսիսային Կորեան փետրվարի 7-ին վաղ առավոտյան հեռահար հրթիռ է արձակել, որը միջուկային զենքի հետ կապված մտահոգությունների տեղիք է տվել հարևան երկրներում և Վաշինգտոնում:
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է,թե երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունի հրամանով արձակված հրթիռը «լիակատար հաջողությամբ» ուղեծիր է հասցրել կորեական «արբանյակը»:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները, մինչդեռ, հայտարարել են, որ իրականում տեղի է ունեցել բալիստիկ հրթիռի փորձարկում, որը միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորություն ունի: Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք բանաձևերով արգելել է Հյուսիսային Կորեային նման փորձեր անցկացնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է հրթիռի արձակումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի խնդրանքով արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառման խնդիրը:
Ավելի վաղ՝ հունվարին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին: