Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան մեղադրում եմ Ռուսաստանին և սիրիական ռեժիմին խաղաղ բանակցությունները խոչընդոտելու համար:
Ժնևում երկու օր շարունակված բանակցությունների ընթացքում, ռուսական աջակցությունը ստացած Սիրիայի կառավարական ուժերը, չդադարեցնելով օդային հարձակումները, արշավ են իրականացրել ապստամբների կողմից գրավված տարածքները ետ վերցնելու ուղղությամբ:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրայի փոխանցմամբ՝ հենց այս պատճառով սիրիական ընդդիմությունը հրաժարվեց ամբողջությամբ մասնակցել բանակցություններին:
ՄԱԿ-ը երեկ առկախել է բանակցությունները: Ստաֆան դե Միստուրան վստահեցրել է, որ դրանք չեն ձախողվել և կվերսկսվեն փետրվարի 25-ին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան չի դադարեցնելու օդային հարձակումները Սիրիայում, քանի դեռ չեն վերացվել «ահաբեկչական» բոլոր խմբավորումները: