Մատչելիության հղումներ

Նալբանդյանը չհստակեցրեց, թե ինչ է փոխվել ՀԱՊԿ դիրքորոշման մեջ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է 2015 թվականը: 02-ը փետրվարի, 2016 թ․
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է 2015 թվականը: 02-ը փետրվարի, 2016 թ․

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այդպես էլ չստակեցրեց, թե ինչ է փոխվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիրքորոշման մեջ՝ կազմակերպության հասցեին նախագահ Սերժ Սարգսյանի տարեվերջյան քննադատությունից հետո:

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Սարգսյանը աննախադեպ քննադատության ենթարկեց Ռուսաստանի նախաձեռնած պաշտպանական դաշինքը՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի հետևում իր կանոնադրությանը:

«Մենք միշտ էլ այդ ուղղությամբ նախաձեռնողական ենք եղել, բայց ստանձնելով նախագահությունը՝ մենք առավել պատասխանատվություն ենք զգում այդ ուղղությամբ աշխատել: Բայց դա մեկ երկրի հարց չէ: Պետք է նկատի ունենանք, որ արտաքին քաղաքականության համադրման իմաստով, նաև այլ ուղղություններով կառույցի կատարելագործման և ավելի արդյունավետ դարձնելու իմաստով, պահանջվում է հետևողական, շարունակական աշխատանք»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նալբանդյանը քննադատեց ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ադրբեջանի «ոչ կառուցողական մոտեցումը»․ - «Միջնորդները՝ եռանախագահները, նաև Հայաստանը և միջազգային հանրությունը, ցավոք, շատ մեծ ուժ են վատնում՝ ուղղված ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացը առաջ մղելուն, այլ նաև խելքի բերելու Ադրբեջանին, թույլ չտալու, որ առավել սրեն իրավիճակը, որպեսզի խոչընդոտեն հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը»:

Արտգործնախարարի խոսքով՝ ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չխոչընդոտեց այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը․ - «Մենք տրամադրված ենք առավել խորացնել մեր բարեկամանական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ: Հիշատակեցի Առևտրի և ներդրումների խրախուսման շրջանակային պայմանագրի կնքման մասին, որը արվեց հանրապետության նախագահի Վաշինգտոն այցելության ընթացքում: Եվ արդեն այդ համաձայնագրի դրույթներից ելնելով, կայացել է առաջին համատեղ խորհուրդը: Այս համաձայնագիրը մենք պատրաստում էինք, խոսում էինք, քննարկում էինք արդեն համարյա թե քսան տարի: Եվ ես ուրախ եմ, որ երկու տարի առաջ պետքարտուղար Քերրի հետ երբ որ մենք հանդիպում ունեցանք Վաշինգտոնում, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պատրաստվելու և ստորագրվելու է: Եվ դա իրականություն դարձավ: Այդ նույն հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ վիզային ռեժիմի դյուրացում է հաստատվելու երկու երկրների միջև: Պայմանավորվեցինք և իրականություն ստացանք»:

Նախարարն անդրադարձավ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններին․ - «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա փուլերի՝ մինչև այս տարվա վերջ, ժամանակացույցի վերաբերյալ: Նախապատրաստվում են նոր բարձրաստիճան այցելություններ, որոնք լինելու են թե՛ Հայաստան, թե՛ Բրյուսել, որոնց արդյունքում մենք կարող ենք նոր պայմանավորվածություններ ձեռք բերել՝ մեր փոխգործակցությունը, մեր հարաբերությունները առաջ մղելու տարբեր ուղղություններով»:

Էդվարդ Նալբանդյանի կարծիքով, Իրանի շուրջ միջազգային հանրության պատմական պայմանավորվածությունը և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը անցած տարվա թերևս կարևորագույն ձեռքբերումն էր միջազգային կյանքում․ - «Իրանը բարեկամ, հարևան երկիր է, և Իրանի հետ մենք հնարավոր բոլոր ոլորտներում ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG