Թեև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծում է, թե «հիշաչար չեն», այդուամենայնիվ, դաշնակցական Արմեն Ռուստամյանից հավելյալ բացատրություններ և ճշգրտումներ է ակնկալում երեկ հնչեցրած այն արտահայտության կապակցությամբ, թե «իշխանությունը հեղինակազրկված է»:
«Պարզապես պարոն Ռուստամյանին հորդորել ենք, որ ևս մեկ անգամ պարզաբանում ներկայացնի: Եթե նույնը պնդի, բնականաբար, արդեն պետք է հետևություններ անենք: Պետք է պարզենք՝ եթե հեղինակազրկված է, ապա ինչո՞ւ: Այդքան ջանացա՞վ եք, որ մեր հեղինակությունը ցանկանում եք բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը:
Նա համարում է, որ Հանրապետականն իր հեղինակությունը բարձրացնելու համար այլ ուժերի կարիքը չունի: Իսկ թե ով ինչ հեղինակություն ունի՝ ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, դա որոշում է ժողովուրդը՝ համապետական ընտրություններում:
«Այսօր Ազգային ժողովում ՀՅԴ-ն ներկայացված է 5 պատգամավորով, ՀՀԿ-ն` 70 պատգամավորով: Դրա մասին մենք բազմիցս խոսել ենք՝ յուրաքանչյուր պարտվողի ամենալավ արդարացումը՝ դա արդեն իսկ ընտրություններից առաջ հայտարարում են, որ ընտրությունները կեղծված են»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը:
Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր չհրաժարվեց երեկ հնչեցրած իր խոսքերից, սակայն ասաց՝ այն ենթատեքստից դուրս է ներկայացվել։ «Էն, ինչ որ ես ասել եմ, ասել եմ իրավիճակի վերլուծության տրամաբանությամբ և ես դրանից չեմ հրաժարվում, որովհետև ես իսկապես համարում եմ, որ կան կուտակված խնդիրներ: Եվ եթե կան կուտակված խնդիրներ, դրա լուծման հիմնական պատասխանատուն իշխանություններն են: Եվ ուրեմն՝ իշխանությունները հեղինակության խնդիր ունեն»,- պարզաբանեց Ռուստամյանը:
Նա կրկնեց՝ երկրում կան խնդիրներ, որոնք լուծելու համար իրենք պատրաստ են հարվածի տակ դնել անգամ սեփական վարկանիշը: «Մենք ասում ենք, որ ունենք լուրջ պրոբլեմ, դա այն է, որ մեր երկիրը այս վիճակից պետք է դուրս բերենք, էն մարտահրավերները, որ կան երկրի առաջ, պիտի հաղթահարենք: Սրա համար Դաշնակցությունը պատրաստ է դնել ամեն ինչ, անգամ այս փուլում՝ այո, իր վարկանիշը»:
Մտահոգված չե՞ք, որ ձեր հայտարարություններից հետո հնարավոր կոալիցան կվտանգվի: Այս հարցին Արմեն Ռուստամյանն այսպես պատասախանեց․ - «Ես մտահոգություն ունեմ, որ չվտանգվի մեր երկրի առաջընթացը, զարգացումը: Այլ մտահոգություն չունեմ»:
Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ Արմեն Ռուստամյանին հորդորել է զգացմունքային արտահայտություններ չանել․ հույս ունի՝ վերջինս կընդունի իր առաջարկը: «Մի փուլ էր, միգուցե նաև մի քիչ տհաճ, որը երկու քաղաքական ուժերն էլ կարող են պատվով փակել և գնալ դեպի համագործակցություն»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասում է, որ գիտի, թե ինչու Դաշնակցությանը չի մտահոգում սեփական վարկանիշի հնարավոր անկումը՝ իշխանությունների հետ համագործակցելու պարագայում: «Նրանք վստահ են, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության գլուխ և վերահսկելու է ընտրական պրոցեսը: Այսինքն՝ կարողանալու է նորից օրինախախտումներով անցկացնի իր իշխանությունը: Ընդամենը ուզում են թռիչք կատարեն գնացքի վերջին վագոնը»,- պատկերավորեց Զուրաբյանը:
Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց․ - «Նրա՛նք պիտի ցատկեն, ովքեր իրենց տեղը չեն գտել: Դաշնակցությունը վաղուց՝ 125 տարի, իր տեղն ունի․․․»: