Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Հայկական պատվիրակության գործողությունները ԵԽԽՎ-ում ընկալվում են ոչ կառուցողական


Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ոչ հայանպաստ բանաձևի ընդունումը հայկական դիվանագիտության համար մեկ քայլ նահանջ էր, ձախողում էր և ոչ՝ հաղթանակ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իր դիրքորոշումը վերահաստատեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը։

Իսկ ինչ վերաբերում է Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձևի տապալմանը, Զուրաբյանն ասաց, որ դա ոչ թե հայկական պատվիրակության ջանքերի արդյունքն էր, այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի։

Հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահները բանաձևերի քվեարկությունից օրեր առաջ կոչ արեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չանել քայլեր, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունները՝ հիշեցնելով ԵԽԽՎ-ին և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափը։

Զուրաբյանի խոսքով, Ուոլթերի բանաձևի տապալման 70 տոկոսը ԵԱՀԿ Մինսկի խմբի արժանիքն էր, 15 տոկոսը դիվանագիտական կորպուսի աշխատանքի արդյունքն էր և մնացած մասնաբաժինը, նույնիսկ ավելի քիչ, հայկական պատվիրակության ջանքերն էին։

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հայկական պատվիրակության գործողությունները ԵԽԽՎ-ում ընկալվում են որպես «ոչ կառուցողական», և հենց այդ պատճառով, ըստ Զուրաբյանի, ԵԽԽՎ-ն կարծես փորձում է իր քվեարկությամբ պատժել հայկական պատվիրակությանը։

«Ես անգամ այդ հարցը բարձրացրել եմ, որ պետք չէ պատժել ողջ Հայաստանին՝ հայկական պատվիրակության ոչ կառուցողական դիրքորոշման համար», - ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG