Մատչելիության հղումներ

Գյումրեցիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում


Մինչ ոստիկանների ժամանելը, անչափահասներ ունեցող գյումրեցի Երանոսյանների ընտանիքը սարսափի մեջ է եղել, 2-ը փետրվարի, 2016թ․
Մինչ ոստիկանների ժամանելը, անչափահասներ ունեցող գյումրեցի Երանոսյանների ընտանիքը սարսափի մեջ է եղել, 2-ը փետրվարի, 2016թ․

«Հարբած» ռուս զինծառայողը, ով փորձել է ներխուժել Երանոսյանների բնակարան, հարցաքննվել է և ազատ արձակվել, քանի որ «հաստատված չէ նրա կողմից հանցագործություն իրականացնելու մտադրությունը»:

Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած նոր միջադեպից երկու օր անց դեռ ձերբակալված չկա, քրեական գործ ևս հարուցված չէ:

Երանոսյանները պնդում են, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Սերգեյ Սուդնիկովը հուվարի 31-ի կեսգիշերին ոչ սթափ վիճակում անդադար թակել է իրենց տան դուռը: Տանտիրուհին՝ Ռուզաննա Երանոսյանը պատմում է՝ ռուսերենով փորձել են նրան հասկացնել, որ թերևս հասցեն է շփոթել, սակայն խոսքերն անօգուտ են եղել:

«Երեք անգամ ամուսինս մոտեցավ ու ասեց, որ սխալ հասցեով ես եկել, թող ռուչկեն: Ահավոր ձևի դուռը կպոկեր, փոքրիկ երեխաները վախեցել էին: Մենք շփոթմունքի մեջ էինք: Չգիտեմ՝ ով էր, ինչ ծրագիր ուներ, ինչ նպատակով էր եկել, էդպես խմած հարբած բարձրացել էր չորրորդ հարկ, ես հեչ բան չեմ հասկանում: Էլի երևի փառք տամ Աստծուն, որ էսպես պրծանք, ինքը դուռը չկարողացավ կոտրել․․․»,- վերհիշում է տիկին Ռուզաննան:

Ըստ նրա, մինչև ոստիկանների ժամանելը, 2 անչափահաս ունեցող ընտանիքը սարսափ է ապրել, հիշել են մեկ տարի առաջ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից քաղաքում իրականացված սպանդը: Տանտիրուհին համոզված է, որ ռուս զինծառայողը հարբած է եղել: Երբ ոստիկանները եկել են, ինքը դուրս է եկել ու լսել ոստիկանների և Սուդնիկովի զրույցը:

«Հարցրեցին՝ դուք որտե՞ղ եք ծառայում, ասեց՝ պոլիգոնների չաստից եմ եկել: Ոստիկանը հարցրեց՝ դու ի՞նչ հարազատ-բարեկամ ունես էստեղ, կարող ա՞ պադեզդն ես շփոթել, ասեց՝ չէ․․․ լավ խմած էր ինքը»:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Սուդնիկովը հարցաքննվել է և ազատ արձակվել, քանի որ հաստատված չէ վերջինիս կողմից հանցագործություն կատարելու մտադրությունը:

Առայժմ նյութեր են նախապատրաստվում, և 10 օրից կտրվի այդ հարցի պատասխանը: Մինչդեռ, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանն արդեն այսօր պնդում է՝ ռուս զինծառայողի արարքում առնվազն մեկ հանցակազմ առկա է:

«Հայաստանի օրենքներով նա պետք է դատվի՝ էդ դուռը ջարդողը: Վստահաբար գիտեմ, որ էգուց մյուս օրն ասելու են՝ հանցակազմ չկա: Եվ չի դատվելու: Կամ, տարել հանձնել են ռուսական զորամաս, ո՞նց ես դատելու: Դիմելու ես ռուսական զորամասին, ասես՝ խնդրում եմ ձեր օրենքներով դատե՞ք էդ տղուն: Հո չե՞ս գնալու վերցնես: Եթե վերցնող էիր, դու Պերմյակովին էլ կվերցնեիր:

Հիմա, մարզի դատախազն ասում է՝ կուսումնասիրենք, կպարզենք՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա: Կարող է իսկապես ուսումնասիրեն և պարզեն, որ դրա մեջ հանցակազմ չկա: Իրենք ասեն, որ հանցակազմ չկա: Եթե ես գնայի, ասենք՝ Գալուստ Սահակյանի դուռը խմած ջարդեի, ճվայի, գոռայի, ղժայի, 5 րոպե հետո խուլիգանության հանցակազմ կգտնեին: Առնվազն՝ հասարակական կարգը խախտելու և այլն: Էս մի դեպքում մարդը պիտի ուսաւմնասիրի և պարզի․․․»,- տարակուսում է Լևոն Բարսեղյանը:

Նա մտահոգություն ունի, թե նման դեպքերը կարող են կրկնվել, քանի որ Ավետիսյանների սպանդից հետո ոչինչ չի արվել քաղաքում անվտանգության մեխանիզմներն ամրապնդելու և նոր միջադեպերը կանխելու համար:

«Սա պիտի կարգավորի Հայաստանի իշխանությունը, ինչքան ուշ է կարգավորում, էնքան նման դեպքերը շատանում են: Մի անգամ էլ կարող է դուռը բաց լինել, մի անգամ էլ մարդը կարող է վախենալ կամ խղճալ: Ու չգիտենք՝ հետևանքներն ինչ են լինելու: Նստեք բանակցությունների սեղանի շուրջ և անվտանգության երաշխիքներ կառուցեք էս քաղաքի ժողովրդի համար: Կամ՝ էկեք ապրեք էդ զորամասերի կողքը, պարոնայք նախարարներ, ոստիկանության պետեր ...»,- ասում է Բարսեղյանը:

Այսօր Գյումրիի փողոցներում անցկացրած մեր հարցումը ցույց տվեց, որ ռուսական ռազմակայանի հարևանությամբ ապրող գյումրեցիներից շատերին է մտահոգում իրենց անվտանգության հարցը: Բազմաթիվ գյումրեցիներ նշում են՝ բացառված չէ, որ մի օր էլ ռուս զինծառայողն իրենց դուռը թակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG