Մատչելիության հղումներ

«Չե՛ք անցկացնի». Նոր ընտրական օրենսգրքով ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները պետք է հրապարակվեն


«Մեր խնդիրը ազատ, արդար ընտրություններ կազմակերպելն է», - ասում է նախաձեռնության ներկայացուցիչը։

Պետք է աշխատել, որ նոր ընտրական օրենսգրքով ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակվեն։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

«Բոլորն էլ հասկանում են, որ իշխանության հիմնական ընտրակեղծիքների գործիքը դա է։ Պետք է աշխատել, որպեսզի ցուցակները հրապարակվեն։ Հասկանալի է, որ իշխանության համար ցուցակների հրապարակումը մեծ վտանգ է իր մեջ պարունակում։ Ցուցակների հրապարակումը կնշանակի, որ 2017 թվականին իրենք իսկապես չեն կարող ընտրվել, ու երբ որ Դաշնակցությունն էլ խոսում է, որ գնում է կոալիցիա կազմելու կամ ինչ-որ բան անելու, երբ որ էս ընտրությունները կեղծարարությամբ անցկացրեցին, ապա ինչ փոփոխությունների մասին կարող է խոսք լինել, եթե 2017 թվականին չեն պատրաստվում որևիցե ձև թափանցիկ ընտրություններ անցկացնել», - ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ այս հարցի շուրջ իշխանական ճամբարի հակափաստարկն այն, է, թե ցուցակների հրապարակմամբ խախտվելու է մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, այսինքն՝ քաղաքացին չի ուզում, որ հանրությունն իմանա՝ ինքն այդ օրը քվեարկությանը մասնակցել է, թե՝ ոչ, նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն այսպես արձագանքեց. - «Ամենավատ բանն այն է, երբ խախտվում է քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու իրավունքը, այսինքն՝ կա գերակա իրավունք և կա ստորադաս իրավունք։ Մեր խնդիրն այսօր Հայաստանում մաքուր, ազատ, արդար մրցակցային ընտրություններ կազմակերպելն է։ Նույն բանն են ասում նաև այն դեպքում, երբ մենք ասում ենք՝ «մատները թանաքոտել», նրանք ասում են՝ «Աֆրիկայում են մատները թանաքոտում»։ Ավելի լավ է մենք լավ, արդար ընտրություններ կազմակերպենք, թեկուզ մատների թանաքոտելով, կամ թեկուզ իմանան, որ քաղաքացին գնացել է ընտրության, քան ասել, որ մատների թանաքոտում պետք չէ, բայց պետք է ընտրությունները կեղծվեն։ Եվ հետո մի պարզ բան կա՝ քաղաքացին, ով ցանկանում է տեսնել՝ Պողոսյան Պողոսը գնացել է տեղամաս, թե՝ չէ, նա կարող է հերթապահել տեղամասի դիմաց և իմանալ՝ Պողոսյա Պողոսը գնում է տեղամաս, թե՝ ոչ։ Դա իրականում գաղտնիք չէ»։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն անհեթեթություն է որակում ընտրատեղամաս գնալու վերաբերյալ ինֆորմացիայի տարածման մասին իշխանական ճամբարի մտահոգությունները։ «21-րդ դարում մտածել ընտրատեղամաս գնալու մասին, ինֆորմացիան տարածվելու կամ չտարածվելու մասին՝ մի քիչ անհեթեթություն է, որովհետև սոցիալական ցանցերից, տեսախցիկներից բռնած ամեն տեղ ինֆորմացիա կա, այսօր նաև դիտորդները 24-ժամանոց դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրատեղամասում», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե օրենսդրությո՞ւնն է կաղում, որ հանրաքվեից փաստացի երկու ամիս անց որևէ ընտրակեղծարար դեռ ճաղերի հետևում չէ, Մուսախանյանը պատասխանեց. - «Օրենսդրությունը չի կաղում, դա քաղաքական կամքի բացակայության նշան է։ Ամեն ինչ քաղաքական կամքի հետ է կապված, նաև՝ սա: Եթե իշխանությունները երբևէ ցանկանան ժաղովրդավարություն հաստատել, հնարավոր է հաստատեն, եթե չեն դատվում այդ հանցագործները, որ ակնհայտ է, մենք տեսել ենք տեսահոլովակներում, թե ինչպիսի ապօրինություններ են կատարել, ապա նշանակում է, որ իշխանությունները պաշտպանում են նրանց, պահում են, խնայում են՝ հավանաբար հաշվարկելով, որ 2017 թվականին նույն մարդիկ պետք են գալու իրենց»։

Նախաձեռնության անդամները նշեցին, որ ցանկանում են մի վիճակ ստեղծել երկրում, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները հնարավորինս մաքուր, ազատ ու արդար լինեն։ «Որ մեր քաղաքացիները կարողանան ընտրությունից հետո գոնե ասել, որ այս անգամ իրենց ձայնը, իրենց քվեարկությունը ինչ-որ չափով համապատասխանում էր հրապարակված արդյունքներին», - նշեց Մուսախանյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նաև մասնակցեն ընտրություններին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Պլատֆորմն ավելի շատ քաղաքացիական նախաձեռնություն է, ու քաղաքական նպատակ՝ որպես կուսակցություն կամ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հնարավորություն, դժվար թե մենք ունենանք, որովհետև նախ՝ կուսակցություն գրանցել և մնացած այլ աշխատանքներ... էդպիսի նպատակ մեր առջև չենք դրել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG