Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան. «Ստրասբուրգում պատահել է շատ վատ բան»


Ստրասբուրգյան ոչ հայանպաստ բանաձևերը այսօր բուռն քննարկման առարկա դարձան Ազգային ժողովում: Օրակարգին անցնելուց առաջ նախ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց տեղի ունեցածը չդիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից։ «Մանավանդ որ, ինչպես ասում են, պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի»,- ասաց նա։

Ուոլթերի վտանգավոր զեկույցն, ըստ Սահակյանի, միասնական ջանքերի շնորհիվ տապալվեց, Սարսանգի ջրամբարի մասին ընդունված ոչ հայանպաստ բանաձևն էլ Ազգային ժողովի նախագահը կոչ արեց քաղաքական շահարկումների առիթ չդարձնել:

«Կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել ևս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի»,- ասաց նա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց՝ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարի մասին բանաձևը վտանգավոր ձևակերպումներ է պարունակում, մինչդեռ իշխանությունները փորձում են ամեն ինչ այնպես ներկայացնել, կարծես Ստրասբուրգում ոչ մի վատ բան չի պատահել։

«Ստրասբուրգում պատահել է շատ վատ բան. առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի մասին այլևս խոսվում է որպես Ադրբեջանի օկուպացված տարածք, ընդ որում՝ Հայաստանի կողմից։ Սա խայտառակություն է, սա ձախողում է, սա պարտություն է։ Մենք ոչ թե պետք է հերքենք դա, այլ պետք է վերլուծենք՝ ինչպես անենք, որ նման բաներ այլևս չկրկնվեն»։

Զուրաբյանը հիշեցրեց՝ դեռ անցած տարվա հոկտեմբերին առաջարկել էր խորհրդարանում լսումներ կազմակերպել, քննարկել վտանգին դիմագրավելու ուղիները. ժամանակին, սակայն, քայլեր չձեռնարկվեցին, ինչի հետևանքով Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգավոր ձևակերպումները, այդ թվում՝ հայկական զինուժը անհապաղ տարածաշրջանից դուրս բերելու պահանջը, տեղ գտան Վեհաժողովի փաստաթղթում: «Կարելի էր սրանից խուսափել, եթե ժամանակին ճիշտ քայլեր արվեին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գալուստ Սահակյանը հորդորեց.- «Չի կարելի անընդհատ որոշակի տեղերում մազեր, կիքսեր գտնել»։

Իշխանական թևը շտապեց կշտամբանքով պատասխանել Զուրաբյանի քննադատությանը: Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.- «ԵԽԽՎ-ում ընդամենը մեկ խմբակցություն է կողմ հանդես եկել ադրբեջանամետ դիրքորոշմանը, դա «Լիբերալների և դեմոկրատների ալյանս» խմբակցությունն է, որի ներկայացուցիչ է նաև հարգարժան պարոն Զուրաբյանը՝ միակը Հայաստանի պատվիրակությունից»։

Լևոն Զուրաբյանը հակադարձեց՝ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանս» (ALDE) խմբի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է՝ իր ելույթը սխալ է թարգմանվել։ Զուրաբյանը նկատեց՝ այդ մասին Հերմինե Նաղդալյանը պետք է որ տեղյակ պահեր իր կուսակիցներին:

Պարտություն է արդյոք, թե՝ ոչ Հայաստանի համար Սարսանգի ջրամբարի մասին բանաձևը: Քվեարկության արդյունքի ամենալավ գնահատականը հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը համարում է Իլհամ Ալիևի դժգոհությունը քվեարկությունից։

«Իսկապես նման դեպքերում մենք դասեր քաղած կլինենք, եթե պոստ ֆակտում չփորձենք սև ներկայացնել սպիտակ, սպիտակը՝ սև և խառնել ամեն ինչ»,- ասաց Ֆարմանյանը։

Հրանտ Բագրատյանն իր հերթին գործընկերներին սաստեց.- «Առաջին և վերջին անգամ լինի, որ մենք ստեղ նստենք ու ռազբորկա անենք՝ էնտեղ ALDE-ն ոնց է քվեարկել, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը ոնց է քվեարկել, Սոցիալիստականը ոնց է քվեարկել։ Ով ինչ ծանոթ ունի, մենք հո չե՞նք հարցնում՝ նա սոցիալի՞ստ է, թե՞ ինչ է։ Գնում ենք, խոսում ենք իրա հետ։ Ես կխնդրեի, որ երբեք այս հարցը այստեղ էլ չկրկնվի»։

Ստրասբուրգից վերադարձած հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ևս խուսափեց ոչ հայանպաստ բանաձևի ընդունումը ձախողում անվանել: Պնդեց՝ դա չարյաց փոքրագույնն էր:

«ԵԽԽՎ-ն, ի վերջո, այսպես ասած, մեզ դրել է հարցի առաջ, որ, լա՛վ, էս մերժենք, էն մերժենք, բոլորը մերժենք, չենք կարող բոլորը մերժել, գոնե մեկը պիտի ընդունենք։ Հիմա դու համարում ես, որ սրանք ձախողումնե՞ր են։ Ուրեմն մարդիկ գտան, որ շատ կտրուկ կլինի, որ նույն օրը միանգամից հայկական բոլոր արգումենտները լսվեն և ադրբեջանականները դադարեցվեն»,- ասաց Նաղդալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG