Օմբուդսմենի թեկնածությունը խորհրդարանին պետք է ներկայացնի ոչ թե Պետաիրավական, այլ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, այսօրվա քննարկումների ընթացքում պնդեց ընդդիմադիր «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը։
Նոր Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը խորհրդարանին առաջարկում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը։ Թե հատկապես ո՞րը՝ հստակեցված չէ։ Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն խմբակցությունների մի խումբ պատգամավորների հեղինակած նախագծով խորհրդարանին նոր օմբուդսմենի թեկնածու առաջարկելու իրավունքը վերապահվում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին։
«Արագ-արագ, հապճեպ որոշում կայացվեց փոխանցել այս իրավասությունը Պետաիրավական հանձնաժողովին, որովհետև Մարդու իրավունքների հանձնաժողովում իրավիճակը անկառավարելի կլիներ․ այնտեղ ընդդիմությունը ներկայացված է ավելի շատ քանակով, քան այստեղ», - հայտարարեց Փոստանջյանը։
Փոստանջյանին պատասխանեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը․ - «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը վերցրեք նայեք՝ 90 տոկոսը վերաբերում է, եթե օրենսդրական փոփոխություններ կան, մեր հանձնաժողովին։ Որպեսզի նաև այս մարդիկ կարողանան քննարկել, նայել, ընտրել՝ ո՞վ է։ Նպատակը դա է եղել»։
Նախագծի հեղինակներից Տիգրան Ուրիխանյանն էլ որոշեց անպատասխան չթողնել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը․ - «Ճիշտ այն կարգով, ինչ կարգով մնացած բոլոր հանձնաժողովներում քաղաքական մեծամասնությունը ներկայացնում է իր համապատասխան թվով ու որակով ներկայացուցիչներին, նույն կերպ ներկայացնում է, ունակ է ցանկացած պահի ներկայացնելու Մարդու իրավունքների հանձնաժողովում, և որևէ բան չէր փոխվելու, բացի նրանից, որ Պետական-իրավական հարցերով հանձնաժողովում, տիկի՛ն Փոստանջյան, մենք՝ Ձեզ հետ, ներկայացված ենք և կարող ենք խիստ վերահսկողություն սահմանել, և ամենևին էլ Ձեր ասածի պես հեշտությամբ չի տրվելու իշխանությանը իրենց համար ցանկալի տարբերակը»։
Ի դեպ՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չհերքեց, որ ցանկացած պահի Հանրապետականը կարող է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում նոր անդամներ ներկայացնել՝ վերացնելու համար ընդդիմադիր պատգամավորների թվային առավելությունը։ 11 հոգանոց հանձնաժողովում այս պահին երեքն են հանրապետականներ, 8-ը՝ մյուս խմբակցություններ ներկայացուցիչներ են։ 12 հոգանոց Պետաիրավականում 6-ն են հանրապետականներ։
«Այն, որ դուք կարող եք այնտեղ գործուղել լրացուցիչ հանրապետականներ որպես անդամներ, դա միանշանակ է։ Բայց արդեն լրացուցիչ գործուղելով այնտեղ՝ դուք, փաստորեն, ասելու եք, որ դուք այնտեղ ուզում եք դոմինանտ դեր ունենալ», - իր տեսակետը պաշտպանեց Փոստանջյանը, - «Բայց ցանկացած ընտրություն՝ սկզբունքը ենթադրում է, որ դու պետք է ունենաս հնարավորություն հավասար մրցակցային պայմաններում առաջադրելու թեկնածուներ»։
Նախագծով օմբուդսմենի պաշտոնում թեկնածու կարող է առաջարկել հանձնաժողովականների մեկ երրորդը։ Պատգամավորների մյուս մտահոգությունը հենց այդ դրույթին էր վերաբերում։
«Պետաիրավական հանձնաժողովում այս պահին բացի գործող քաղաքական մեծամասնությունը, այլ խմբակցություններ չունեն մեկ երրորդ թվով պատգամավորներ, որոնք կարող են միասին ինչ-որ թեկնածու ներկայացնել։ Դրա համար կա՛մ ամեն անդամ պետք է այդ իրավունքը ստանա, կա՛մ թիվը փոքրացվի։ Որովհետև կդառնա ձևական իրավունք, այսինքն՝ միայն ՀՀԿ-ն կարող է ներկայացնել», - կարծիք հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նախագծի համահեղինակներից Արծվիկ Մինասյանը փոփոխություն առաջարկեց․ - «Շատ ճիշտ կլինի, եթե մենք ոչ թե մեկ երրորդի, այլ յուրաքանչյուր անդամի տանք այդպիսի հնարավորություն՝ մեկ թեկնածու առաջադրելու»։
Հանրապետական Հովհաննես Սահակյանն ասաց՝ հակված են փոփոխություններ կատարել․ - «Մեկ երրորդը ուղղել և հնարավորություն տալ հանձնաժողովի անդամներին կամ առնվազն մեկ հինգերորդին, որը ենթադրում է՝ երկու պատգամավորով կարողանան թեկնածու առաջադրել՝ կա՛մ մեկ տարբերակը, կա՛մ մյուս տարբերակը կընդունվի»։
Օրինագիծը երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգում ընդգրկվեց հանձնաժողովի դրական եզրակացությամբ, դեմ էր միայն Զարուհի Փոստանջյանը, ձեռնպահ՝ Գագիկ Ջհանգիրյանը։
Ի դեպ՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հայտարարել է, որ օմբուդսմենի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։
«Վերջնականը պարզ է, որ պետք է որոշի Զարուհի Փոստանջյանը անձամբ, բայց ակնհայտ է, որ ինքն է եղել այս տարիների ընթացքում, որ անխոս զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ», - նշել է Մարտիրոսյանը։