Հայաստանի հյուսիսային սահմանները պաշտպանող, Շամշադինում մարտական հերթապահություն իրականացնող զորամասը 2015-ի լավագույնն են ճանաչել, անցած տարի ոչ մի զոհ այստեղ չի եղել։ Երկու օր առաջ Հայաստանի նախագահը պարգևատրել է այս զորամասին ու նրա հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին, ով այսօր տոն էր կազմակերպել զինվորների համար ու եկել Բանակի օրը ընտանիքի հետ նշելու։ Կնոջ ու երկու դուստրերի հետ սեղան նստեցին, բաժակ բարձրացրին։ Ամենակարևոր բարեմաղթանքը խաղաղությունն էր։
«Ես ինքս շատ մեծ պատասխանատվություն եմ կրում խաղաղության առիթով։ Ամեն ջանք գործադրում եմ՝ ցերեկ և գիշեր, երկրի խաղաղությունն ապահովելու իմ պատասխանատվության սահմաններում»,- ասաց հրամանատարը։
38-ամյա գնդապետն ասում է՝ իր զորամասում պատիժներ չի կիրառում։ Չի բացառում, որ արատավոր երևույթներ էլ բանակում կան, բայց ամեն ինչ անում է՝ դրանք իր զինվորներից հեռու պահելու համար։
«Առաջնորդվում եմ իմ երեխայից ուրիշի երեխային չտարբերելու սկզբունքով։ Շատ հաճախ արտահայտությունս ողջ անձնակազմին՝ «ինչ ցանկանում եմ իմ երեխաներին, նույնը ցանկանում եմ ձեզ»։ Ինձ համար տարբերություն չկա՝ իմ երեխան, թե ուրիշի երեխան։ Ինքս կողմնակից չեմ ծեծելուն կամ հարկադրանքի մեթոդով ինչ-որ ծառայություն կամ առօրյա կազմակերպելուն։ Ծեծված, ճնշված զինծառայողը չի կարող սահմանի լավ պաշտպան լինել։ Թե՛ զինվորականի, թե՛ հրամանատարի մեջ կարևորում եմ մարդկայինը»,- ասաց Գյոզալյանը։
Երիտասարդ հրամանատարն ասում է՝ իր անձնական օրինակով է փորձում լավ զինվոր ու մարդ դարձնել բանակ զորակոչված պատանուն։ Տարբեր դաստիարակությամբ տղաներ են գալիս, ովքեր կյանքի երկու տարիներն անցկացնում են իր պատասխանատվության ներքո։ «Ես ինքս քարոզում եմ և իմ վրա աշխատում եմ, որ նյարդային վիճակում երբեք որոշումներ չկայացնեմ, քանի որ իմ կայացրած որոշումը կարող է ճակատագրական լինել շատ մարդկանց համար»,- ասում է նա։
Երևան գալիս միշտ ժամանակ է գտնում այցելելու Եռաբլուր։ Այսօր՝ Բանակի օրը, նա Եռաբլուրում եղավ, երբ արդեն բոլոր պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու իր ընկերները եկել-գնացել էին։
«Նման տղերքի արյան շնորհիվ ստեղծվել է բանակ։ Ես ինքս պարտավորված եմ արյան գնով վերցված և պահպանված բանակում ծառայելու»,- համոզված է հրամանատարը։
Օրերի մեծ մասը կրակոցների տակ անցկացնող զինվորականը պատերազմում զոհված նահատակներին անուն առ անուն մտովի հիշում ու ասում է՝ միշտ պատերազմին պատրաստ լինելով հանդերձ, ամեն ինչ կտար պատերազմը բացառելու համար։
«Մենք պատրաստ ենք պատերազմի, եթե այն լինի, հակահարված հասցնելու թշնամուն, բայց պատերազմը չարիք է, որը չեմ ցանկանա, որ լինի, որը խլում է բազում մարդկային կյանքեր, բազում ընտանիքներ մնում են առանց ծնողի, հոր։ Չարի՛ք է պատերազմը տեղով մեկ»։