Մատչելիության հղումներ

Հայերը հեռանում են նաև «համեմատաբար խաղաղ» Քամիշլի քաղաքից


Մայրաքաղաք Դամասկոսից մոտ 700 կիլոմետր հեռու գտնվող՝ հայերով ու քրդերով բնակեցված սիրիական Քամիշլի քաղաքում հունվարի 25-ին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել են հայազգի Մհեր Պողոսյանն ու Հակոբ Միրզոյանը։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Մայամի պողոտայում գտնվող «Սթար» ճաշարանի հարևանությամբ։ Երկու տարի առաջ Երևան տեղափոխված Հարություն Արոն բարեկամներից է տեղեկացել ծննդավայրում տեղի ունեցած պայթյունի մասին:

«Համարվում է թե՛ քրիստոնյա թաղամաս, թե՛ հայկական թաղամաս: Հայերի քանակը էդ շրջանում շատ բարձր է: Պայթյունը տեղի է ունեցել հեծանիվի միջոցով․ հեծանիվը տարել են էդ կաֆեի կողքն են կանգնեցրել, դրա մեջ ինչ-որ պայթուցիկ նյութեր կային: Երեք հոգի մահացել են՝ քրիստոնյաներ, երկու հոգին էլ հայերից են վիրավորվել», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Արոն:

Նրա խոսքով, հայաբնակ այս քաղաքը երկրի համեմատաբար խաղաղ վայրերից է համարվում, սակայն վերջին շրջանում այստեղ հաճախ են ահաբեկչական գործողություններ ծավալվում․ - «Քամիշլիում հայերի թիվը մոտավորապես 12 հազար էր, հիմա մնացել է մոտավորապես 4 հազար մարդ»:

Մայդա Բակկալյանի փոխանցմամբ, Հալեպում ևս վիճակը շարունակում է անկայուն մնալ։ Ամեն օր հրթիռներ են որոտում։ Ձմեռվա սկզբում կառավարության կողմից բաժանված վառելանյութն արդեն վերջանում է, և բնակիչները ստիպված են օրական միայն 1-2 ժամով տունը ջեռուցել։ Կա նաև ջրամատակարարման խնդիր, որը մեղմելու համար, նրա խոսքով, կառավարության և ՄԱԿ-ի տրամադրած գումարներով այժմ բոլոր թաղամասերում ջրհորներ են փորվում:

Հալեպաբնակ կնոջ փոխանցմամբ՝ շատերն են ցանկանում լքել պատերազմական երկիրը․ նրա տվյալներով, այս ամիս 500 հայ ընտանիքներ Կանադա են գաղթելու, իսկ ովքեր հնարավորություն չունեն, սպասում են, որ Հայաստանի կառավարությունը բոլոր հայերին անվճար տեղափոխի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG