Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «հետևողական է լինելու հանցագործներին պատժելու գործում»


Արամ Մանուկյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Արամ Մանուկյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանի համար ակնհայտ է, որ իշխանությունը չի ուզում որևէ մեկին պատժել սահմանադրական հանրաքվեի օրը կատարած ընտրախախտումների համար․ մոտ վեց տասնյակ քրեական գործերով կալանավորվածներ ու ազատազրկվածներ չկան:

Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում քննվող այդ գործերը վերաբերում են ընտրական իրավունքի իրականացմանը, հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրության մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրությունների արդյունքները կեղծելու և մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերին:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, մի շարք քրեական գործերով մեղադրանքներ առաջադրված են:

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ ընտրության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով 2008-ին դատեցին․ - «Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք մինչև հինգ տարի հոդված են ստացել, տարիներ անցկացրել բանտերում: Այդ ինչպե՞ս է լինում, որ մի դեպքում նույն հոդվածի որակավորման համար մարդուն հինգ տարի ես տալիս, մարդիկ բանտերում են անցկացնում, իսկ այս դեպքում, երբ ունենք նվազագույնը քսան այդպիսի գործ, ոչ մի մարդ դեռևս չի կալանավորվել: Այսինքն, իշխանության գնահատականը հետևյալն է՝ ես իմ հանցագործին պահելու եմ»:

Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ իշխանությունը խնդիր է ունենալու միջազգային կառույցների հետ․ հանրաքվեի օրը միայն ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանցագործության մասին 130 հաղորդում են ներկայացրել․ - «Որևէ միջազգային կառույցի դու կարո՞ղ ես բացատրել, որ 530 հայտարարություն է եղել, 130 պաշտոնական՝ հիմնավորված փաստաթղթերով, կասետներով, ապացուցող թղթերով, գործ է ներկայացվել, 60 քրեական գործ դու ինքդ քո կամքով հարուցել ես, և․․․ ոչ մեկը չի կալանավորվում: Ընդ որում, հոդվածները խիստ են՝ 2-5 տարի»:

«Միջազգային դիտորդներին ի՞նչ են ասելու․ որ բոլոր գործերը ջո՞ւր էին», - շարունակեց Մանուկյանը՝ խոսելով արդեն կոնկրետ դեպքի մասին․ - «Աջափնյակի մի տեղամասում ներկա է եղել ԺՀՄԻԳ-ի [ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի] դիտորդական առաքելության ղեկավարը, և նրա ներկայությամբ, ինչը ինքը ձայնագրել է, տեղի է ունեցել ծեծկռտուք, խախտումներ, հարյուրավոր «այո» քվեարկած քվեաթերթիկներ հատակին թափված են եղել, հետո լցվել են արկղի մեջ․․․ այսինքն՝ ակնհայտ խախտումներ, որոնց համար կարելի էր մի քանի հոգի դատել խիստ հոդվածներով: Եվ ի՞նչ․․․ գործ չի հարուցվել»:

Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ հետևողական են լինելու հանցագործներին պատժելու գործում․ - «Մենք կարող ենք բողոքարկել մերժված գործերը, մենք կարող են բողոքարկել կարճված գործերը: Եվ կռիվ տալու տեղ կա․ 149 հոդվածով, որտեղ քսան գործ քննվում է՝ մարդկանց իրավունքի խոչընդոտելը տեղամասում, այստեղ հեշտ է հիմնավորել, որ տուժողը մեր հանձնաժողովների անդամներն են, վստահված անձերն են: Եվ եթե դու կարողանաս հասնել այն բանին, որ նրանք տուժողներ են, այս դեպքում կարող ես բողոքարկել երկրորդ, երրորդ ատյան, վերջնական արդյունքում՝ նաև Եվրոպական դատարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG