Այսօր տարեկան զեկույց է հրապարակել Freedom House կազմակերպությունը, որը դիտարկել է 195 երկրներում քաղաքացիական ազատությունները։ Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկրներից մեկը։
Առաջնորդվելով 7-բալլանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենաազատն է, իսկ 7-ը` ամենաանազատը, Freedom House-ը Հայաստանում քաղաքական համակարգի ազատությունը գնահատում է 5, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավորով: Լեռնային Ղարաբաղում գրեթե նույն պատկերն է. այնտեղ քաղաքացիական և քաղաքական ազատությունները ստացել են 5-ական միավոր։
Freedom House-ի զեկույցի համաձայն, ազատությունների վիճակն ավելի վատ է հարևան Ադրբեջանում, որը ոչ ազատ երկրների շարքում է. քաղաքական ազատությունները գնահատվել են վատագույն՝ 7 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 6-ով։
Հարավային Կովկասի երրորդ երկրում՝ Վրաստանում, իրավիճակն անհամեմատ բարվոք է։ Այս երկրում թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատություններն արժանացել են 3 միավորի։ Վրաստանում մամուլը ևս համարվել է կիսաազատ, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, որտեղ մամուլը, ըստ Freedom House-ի, ոչ ազատ է։