Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն ընթացքի մեջ են


Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպմանը նշել էր, որ էներգակիրների գների վերանայման հարցով դիմել են Ռուսաստանի կառավարությանը:

Չնայած 2013 թվականին հայ-ռուսական պայմանագրից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ գազի գինը կայուն է լինելու առնվազն հինգ տարի, ինչը ներկայացվեց որպես մեծ ձեռքբերում, այսօր, սակայն, Ռուսաստանի հետ բանակցում են գազի գնի վերանայման շուրջ:

«Հայռուսգազարդ»-ում վերջին 20 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմ»-ին զիջելու դիմաց Հայաստանի իշխանությունները կարողացան հասնել հազար խորանարդ մետրի համար սահմանին 189 դոլար գնի: Անցած տարի Ռուսաստանը փոքր-ինչ իջեցրեց սակագինը՝ հասցնելով 165 դոլարի, սակայն, ինչպես պարզվեց երկու օր առաջ, այդ գինը գործել է մինչև այս հունվարի 1-ը, ու այդուհետ Հայաստանը պետք է դարձյալ վճարի 189 դոլար:

«168 ժամ»-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավար Վարդան Հարությունյանը հայտարարել է․ - «Այսօր նոր ֆիքսված գազի գին մենք չունենք։ Դրանից ելնելով՝ գործում է այն գինը, որը ֆիքսված է միջկառավարական համաձայնագրերի հիմքում»:

Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպմանը նշել էր, որ էներգակիրների գների վերանայման հարցով դիմել են Ռուսաստանի կառավարությանը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր «Ազատության» խնդրանքով մանրամասնեց․ - «Վարչապետը, իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին: Քանի որ բանակցությունները դեռևս ընթանում են, ես որևէ բան դրանց ընթացքի մասին կնախընտրեի չհայտնել այս պահին»:

Գործող հայ-ռուսական գազային պայմանագիրը կնքվեց սկանդալի ֆոնին, երբ անակնկալ հայտնի դարձավ, որ 2011 թվականից՝ ընդամենը երկու տարում, օգտագործված գազի դիմաց Հայաստանը Ռուսաստանին պարտք է 300 միլիոն դոլար:

2014-ի փետրվարին Երկրապահ կամավորական միության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ - «Ոչ մեկը չի խոսում էդ գնի մասին: Որովհետև այդ գինը ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության․․․ Այդ պայմանագրով գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին»:

Է'լ ավելի վաղ՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ գազային պայմանագրի կնքման հաջորդ օրը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը որպես մեծ առավելություն ներկայացրեց այն, որ գազի գինը չի փոխվելու մինչև 2018 թվականը. - «Գազի առումով, մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություններ՝ մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման գնի հաշվարկման բանաձևը՝ այն ձևաչափով, որով հաշվվելու է գինը: Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանալու»:

Չնայած իշխանության այս հայտարարություններին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից «Ազատությանը» այսօր փոխանցեցին, որ 2013 թվականի համաձայնագիրը հնարավորություն է տալիս ամեն տարի անդրադառնալ գազի գնին։

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ Բելառուսը ռուսական գազի դիմաց սահմանին հիմա վճարում է 142 դոլար, սակայն Մինսկը այսքանով չի բավարարվել․ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այժմ բանակցությունների մեջ է Մոսկվայի հետ՝ այդ գինը նվազեցնելու ուղղությամբ:

Հայաստանցի տնտեսագետները, գործարարները նշում են, որ ԵՏՄ անդամ մյուս երկրներում ավելի էժան գազը առավելություն է տալիս տեղի արտադրողներին: Փոխվարչապետն այսօր, ըստ էության, նույնպես սա նշեց որպես Կրեմլին դիմելու պատճառ․ - «Դուք տեսաք, որ հարցը բարձրացվել է նաև մեր տնտեսվարողների կողմից: Էներգակիրների գները, որոնք հնարավորություն կտան ձևավորել մրցունակ տնտեսություն, մեզ համար խիստ կարևոր են»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, այսօր Հայաստանը քաղում է նախորդ տարիների քաղաքականության արդյունքները, երբ գազաբաշխիչ ողջ ցանցը հանձնվեց «Գազպրոմ»-ին՝ զգալիորեն սահմանափակելով Իրանից գազ ներկրելու հնարավորությունը․ - «Դա խոչընդոտ է: Այն առումով, որ ենթակառուցվածքների, այսինքն խողովակաշարի սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է: Փաստացի այսօր որպես սուբյեկտներ բանակցություններում հանդես են գալիս այն կողմերը, որոնք ունեն իրենց հսկողության, սեփականության ներքո որոշակի գազային ենթակառուցվածքներ և ակտիվներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG