Մատչելիության հղումներ

«Պուտինն Ասադին խնդրել է հեռանալ». Financial Times


Պուտինի և Ասադի հանդիպումը Մոսկվայում, հոկտեմբեր, 2015թ.
Պուտինի և Ասադի հանդիպումը Մոսկվայում, հոկտեմբեր, 2015թ.

Սերգունի դրամատիկ առաքելությունը

Ռուսական քաղաքական շրջանակներում առ այսօր ակտիվորեն քննարկում են տարեսկզբին ստացված լուրը Հետախուզական գլխավոր վարչության ղեկավարի մահվան մասին։ 58-ամյա գեներալ-գնդապետ Իգոր Սերգունը հունվարի 3-ին է հանկարծամահ եղել, ըստ պաշտոնական հաղորդագրության, «սրտի անբավարարությունից»։

Հետախուզության գլխավոր վարչությունը` ГРУ-ն, դեռ խորհրդային ժամանակաշրջանում համարվել է Պետական անվտանգության կոմիտեի` КГБ-ի մրցակիցը, այսօր էլ մրցակցում է Անվտանգության դաշնային ծառայության` ФСБ-ի հետ։

Եվ հենց դա բավական է գեներալ-գնդապետի մահվան շուրջ դավադրապաշտական վարկածների ի հայտ գալու համար, բայց այստեղ կա է'լ ավելի ուշագրավ հանգամանք. Financial Times-ի փոխանցմամբ, մահվանից շաբաթներ առաջ Սերգունը գաղտնաբար այցելել է Դամասկոս և հանդիպել է Բաշար ալ-Ասադին։

Դա գերագույն նրբանկատություն և զգուշություն պահանջող առաքելություն էր, Սերգունն Ասադին փոխանցել է նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը քաղաքական ասպարեզն ազատելու և Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։

Սերգունը հավաստիացրել է, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի ալավիների իշխանությունը պահպանելու և Ասադի ընտանիքի անձնական անվտանգությունը երաշխավորելու համար։

«Պուտինն Ասադին խնդրել է հեռանալ, Կրեմլը նկատել է տալիս, որ դրա ժամանակը եկել է»,- Financial Times-ին ասել են արևմտյան հետախուզության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ըստ Արևմուտքի, Ասադի հեռանալը կընձեռի Սիրիայի «չափավոր ընդդիմության» հետ երկխոսություն սկսելու հնարավորություն։

Սիրիայի նախագահը զայրացել է ռուսների առաջարկից և այն կտրականապես մերժել է, ասելով, որ միայն ինքը կարող է ապահովել Մոսկվայի և Դամասկոսի կայուն հարաբերությունները։

Սերգունը վերադարձել է Ռուսաստան և մի քանի շաբաթ անց մահացել է։ Դա, կարծես, յուղ է ավելացրել կրակին, չափից շատ կասկածամիտ վերլուծաբանները ենթադրում են, որ Սերգունին «վերացրել են», սակայն նման վարկած հաստատող որևէ լուրջ փաստարկ, առնվազն այսօրվա դրությամբ, չկա։

Ասադի մարտավարությունը մեծ տերություններն իրար հետ կռվեցնելն է

Ըստ Financial Times-ի, ռուսներն արդեն գիտակցում են, որ իրենց ներգրավումը Սիրիայում այլևս մեծ հեռանկար չունի։ Պուտինը հասկացել է, որ խնդիրները չափից շատ են։

Ասադի մարտավարությունը մեծ տերություններն իրար հետ կռվեցնելն է։ Նա մշտապես նկատել է տվել, որ կա Իրանը, որը կփորձի ավելի լուրջ դեր կատարել, ենթադրելով, որ ռուսներին նյարդայնացնում են Իրանի տարածաշրջանային հավակնությունները։

«Ասադի շրջապատը ռուսների օդային գրոհների առաջին շրջանում շատ ոգևորված էր, բայց հետո նրանք սկսեցին գիտակցել, որ ռուսներն այդ միջամտության համար գին են պահանջելու»,- բրիտանական պարբերականին ասել է մի անանուն սիրիացի քաղաքական գործիչ։

Ասադի մրցակցի առեղծվածային անհետացումը

Ասադը հետևողականորեն չեզոքացրել է իր բոլոր մրցակիցներին, նույնիսկ եթե նրանք ալավի էին։ 2012 թվականին Մոսկվա, ապա Պեկին է այցելել ալավի Աբդելազիզ ալ-Հեյրան։ Վերլուծաբանների կարծիքով, մեծ մայրաքաղաքներում այդ գործչին դիտել են որպես այլընտրանք Ասադին։

Վերադառնալով Դամասկոս` ալ-Հեյրան հենց օդակայանում ձերբակալվել է և անհետացել է։ Այդպես Ասադը նկատել է տվել, որ ռուսներին թույլ չի տա վճռել Սիրիայի ապագան։

Հավանաբար, ռուսներն էլ արդեն հոգնել են Ասադից, քանի որ հենց Ասադի անձի պատճառով չեն կարողանում Սիրիայի հարցում համաձայնության գալ Ամերիկայի և Եվրոպայի հետ։

«Պուտինի համար Սիրիա ներխուժելը Ասադին պաշտպանելը չէ, նախևառաջ նա ցանկանում է ստիպել ամերիկացիներին ճանաչել ռուսների դերն այդ կոնֆլիկտում»,- ասել է Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը։

Ի դեպ, Bild գերմանական պարբերականի փոխանցմամբ, Ասադի բանակը ռուսների օգնությամբ կարողացել է վերադարձնել կորցրած տարածքի ընդամենը 1.3 տոկոսը։

Ասադի համար` եթե հաշվի առնել 2015 թվականի առաջին 8 ամիսների ծանր պարտությունները, դա գուցե շատ է, բայց ընդհանուր առմամբ պատկերը չի փոխվում։

«2016-ը պետք է դառնա «Իսլամական պետության» պարտության տարի»

Ամերիկացիներն արդեն ծրագրում են ցամաքային գործողություն, որին պետք է մասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման դեմ պայքարող երկրները։ Այդ մասին Դավոսում անցած շաբաթ ասել է պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը։

«Այս տարին պետք է դառնա «Իսլամական պետության» պարտության տարի, դա պետք է ապահովել Սիրիայում և Իրաքում»,- ասել է Քարթերը։

Եթե իրականությանը համապատասխանում են Ասադից հրաժարվելու ռուսների պատրաստակամության մասին վերլուծությունները, դա նշանակում է, որ Մոսկվան ցանկանում է գործնական քայլ անել Սիրիայի հարցում մնացած տերությունների հետ լեզու գտնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG