Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին, ով նաև Ֆրանսիայի նախագահի անձնական ներկայացուցիչն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից 2013 թվականից ի վեր Հայաստանում իրականացվող ծրագրերը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեությանը:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարը բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը՝ որպես կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ, կարողացել է իր արժանի տեղը զբաղեցնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է որպես կազմակերպության ամենաակտիվ երկրներից մեկը:
Ժիրարդեն այսօր նաև ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ֆրանսիացի պաշտոնյան, ԱԳՆ-ի փոխանցմամբ, շեշտել է, որ Ֆրանսիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը բոլոր ոլորտներում, այդ թվում` որպես ֆրանկոֆոն ընտանիքի ամենաակտիվ անդամներից։