Մատչելիության հղումներ

Դատարանը ոչ իրավաչափ համարեց բժշկուհու ձերբակալությունը և ազատ արձակեց նրան


Մահացած Մերի Մարգարյանը
Մահացած Մերի Մարգարյանը

Այսօր դատարանը ոչ իրավաչափ համարեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը։ Պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները չկատարելու մեջ կասկածվող բժիշկը մեկ օր ձերբակալված մնալուց հետո ազատ արձակվեց։

Սակայն հենց դատարանի դահլիճում նրա ինքնազգացողությունը վատացավ, և նրան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

«Երեկ ժամը 4-ին են ձերբակալել, խաբելով տարել են քննչական բաժին, առանց ծանուցագրի, ապօրինի ձերբակալել են, մենք բողոք ենք ներկայացրել, դատարանը դիտարկել է Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ապօրինի, կարգադրել է վարույթ իրականացնող մարմին՝ քննիչին, ազատ արձակել»,- հայտնեց բժշկի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Բախշյանը կասկածվում է անցած հուլիսին մահացած 26-ամյա հղի Մերի Մարգարյանի գործով, երիտասարդ կինը մահացել էր երկկողմանի թոքաբորբի հետևանքով։ Մինչդեռ Մերիի հարազատներն ի սկզբանե պնդել են, որ բժիշկները հրաժարվել են հոսպիտալացնել 4 օր շարունակ բարձր ջերմություն ունեցող հղի կնոջը։ Բժիշկ Բախշյանը խորհուրդ է տվել գնալ տուն ու ջերմիջեցնող ընդունել: Արդեն ծայրահեղ ծանր վիճակում ծննդկանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ կեսարյան հատումից հետո նա մահացել է։ Մի քանի օր անց մահացել է նաև նրա նորածին դուստրը։

Այսօր, երբ արդեն կան դատաբժշկական փորձաքննության արդյունքները, Մերիի ընտանիքի փաստաբան Մարինե Թովմասյանը համոզված պնդում է՝ պատշաճ բժշկական օգնության դեպքում կարելի էր մոր և երեխայի կյանքը փրկել։

«Ի սկզբանե գտել ենք և հիմա էլ գտնում ենք, որ բժիշկների կողմից դրսևորվել է ոչ բարեխիղճ վերաբերմունք, կա համապատասխան եզրակացություն, և որոշ եզրակացությունով մեր տեսակետները արդեն հստակեցվել են, ունենք պատասխաններ։ Ուստի գտնում ենք, որ պետք է ենթարկվեն պատժի, ամեն դեպքում մենք հետևողական ենք լինելու, պայքարելու ենք»,- ասաց փաստաբանը։

Քննչական կոմիտեն այսօր մանրամասներ է հրապարակել փորձաքննության եզրակացությունից, ըստ որի՝ Մերի Մարգարյանին ջերմության առկայության պայմաններում չհոսպիտալացնելը հիմնավորված չի եղել: «Եթե 35 շաբաթական հղի կնոջ կեսարյան հատումը ավելի շուտ կատարվեր, նրա և նորածնի փրկվելու հավանականությունը ավելի մեծ կլիներ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Ընդ որում, Մերիի հարազատներն իրենց դստեր ու թոռան մահվան հարցում մեղադրում են ոչ միայն այս գործով միակ կասկածյալ Շուշանիկ Բախշյանին, այլև բուժհաստատության այլ աշխատակիցների։

«Չենք սահմանափակվելու միայն Շուշանիկ Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդումով, որովհետև տուժող կողմը գտնում է, որ դեռ կան բժիշկներ, որոնց վարքագիծը ևս պետք է իրավական գնահատման արժանանա։ Իրենք պայքարելու են իրենց դստեր և թոռնիկի իրավունքների պաշտպանության համար, ընդհուպ մինչև խիստ պատժատեսակներ կիրառելու, հետագայում ազատազրկման ձևով պատիժ կրելու համար»,- ասաց տուժող կողմի փաստաբան Թովմասյանը։

Դեռ երեկ էլ ոչ պատշաճ բուժօգնության մեջ կասկածվող բժիշկը աշխատում էր նույն «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ։ Նրա գործընկերներից մի քանիսը այսօր դատարան էին եկել նրան աջակցելու։

«Էս ամեն ինչը չարություն է, մարդիկ չեն հանգստանում։ Այսինքն եթե մեկի հետ մի դժբախտություն է լինում, պարտադիր ինչ-որ մեկին պետք է դժբախտացեն... եկեք չչարանանք, չի կարելի մի մարդու վրդովմունքով դնել և դատել»,- ասաց գործընկերներից մեկը։

Նախորդ 6 տարիների ընթացքում, ըստ «Հետք» պարբերականի ուսումնասիրությունների, բժշկական սխալի համար դատարանի առջև է կանգնել 32 բժիշկ, որոնցից միայն մեկն է հայտնվել ճաղերի հետևում, 19-ը համաներմամբ պատժի կրումից ազատվել է, 8-ի նկատմամբ դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել պատիժը, 1 բժիշկ արդարացվել է, 2-ի նկատմամբ էլ նշանակվել է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG