Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է երկու օր առաջ Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչությունը «Թոլո» հեռուստաընկերության նկատմամբ, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել:
Որակելով այդ հարձակումը «բարբարոսություն»՝ իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ այն ուղղված էր «Աֆղանստանի դեռևս փխրուն լրատվամիջոցների ազատությունը խաթարելուն»:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած թալիբները հաղորդագրություն էին տարածել՝ հեռուստաընկերությունը անվանելով «լրտեսական գործակալություն»:
Դեռևս անցած տարվա վերջին «Թալիբան»-ը զգուշացրել էր, որ լրատվական այս ընկերությունն իրենց թիրախում է: