Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը ափսոսանքով է ընդունել օմբուդսմենի հրաժարականի որոշումը


Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնում է, որ ափսոսանքով են ընդունել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը:

«Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր»,- ասված է դեսպանատան հայտարարությունում։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Անդրեասյանի թողած ժառանգություններից մեկը, որը դեռ երկար կպահպանվի, արժեքավոր կառույցի [ՄԻՊ գրասենյակի] աշխատողների քանակական ու որակական կազմի բարելավումն էր.- «Մենք լիահույս ենք, որ այս կառույցը մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի ենթակայության ներքո կշարունակի լավագույնս ծառայել ի նպաստ Հայաստանի հասարակության շահերի: Մենք պատրաստ ենք շարունակել մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՄԻՊ գրասենյակի և վերջինիս անձնակազմի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք պատրաստ ենք աշխատել մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ»։

«Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն հանդես բերել աշխատելու ՀՀ կառավարության և մեր հայ գործընկերների հետ՝ առաջ մղելու ժողովրդավարական զարգացումներն ու մարդու իրավունքները: Մեր անմիջական նպատակը եղել և մնում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանը, որն անվտանգ է և խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ»,- նաև ասված է դեսպանատան հայտարարությունում։

Կարեն Անդրեասյանը, օրերս անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին, գրել էր. - «Եթե 2016-ին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այդքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»։ Նա չէր պարզաբանել, թե ինչու պաշտպանի կառույցը իր ղեկավարման դեպքում կդառնար ոչ արդյունավետ: Հայաստանյան իրավապաշտպանները կարծում են, որ հրաժարականի պատճառը իշխանական ճնշումներն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG