Մատչելիության հղումներ

Ծննդյան և մայրության նպաստները՝ այսուհետ բացառապես անկանխիկ


Կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, սահմանվել է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները կարող են վճարվել շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Ներկայումս, վերոնշյալ գումարները գրեթե 95 տոկոսով վճարվում են կանխիկ եղանակով, ինչի համար պետբյուջեից վճարվում է 1 տոկոս միջնորդավճար (ծառայությունների վճար):

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25 հազար դրամը: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա այս տարվա ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 հազար դրամի չափով:

Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, քանի որ քաղաքացիները փորձում են տարբեր ճանապարհներով այդ գումարները ստանալ կանխիկ: «Դրա համար ընթացակարգերը մենք հիմա պարզեցնում և տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա այդ ընտանեկան դրամագլխից ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ և չփորձել տարբեր ճանապարհներով, նաև կորցնելով այդ գումարի որոշ մասը, ինչպես մեր հետաքննությունն է ցույց տալիս, կանխիկացնել այդ գումարը»,- ասել է նա:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նաև մայրության նպաստը բացառապես անկանխիկ եղանակով վճարելու վերաբերյալ որոշում:

«Ընդունված որոշումները կնպաստեն այդ փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև պետբյուջեով վճարման ծառայությունների համար հատկացված միջոցների խնայմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG