Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը խոստանում է ապացույցներ ներկայացնել ակտիվիստների գործով դատաքննությանը


Ոստիկանությունը հայտնի «պարով» ճեղքում է ցուցարարների պատը, 12-ը սեպտեմբերի, 2015թ.
Ոստիկանությունը հայտնի «պարով» ճեղքում է ցուցարարների պատը, 12-ը սեպտեմբերի, 2015թ.

Անցյալ տարի հոսանքի թանկացման դեմ պայքարով Բաղրամյանը փակած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները այսօր իրենց գործողությունների համար ստիպված են պաշտպանվել դատարանում: Իրավապահների օրինական պահանջը չկատարելու համար Ոստիկանությունը պահանջում է նախաձեռնության համակարգող խմբի նախկին անդամ Էրնեստ Ավանեսովին վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանելով 50 հազար դրամ:

Առաջին նիստը կարճ տևեց, քննության հենց սկզբում դատարանը գործում էական հակասություններ նկատեց՝ ոստիկանությունից լրացուցիչ փաստեր պահանջելով: Իրավապահները պնդում են, թե ակտիվիստին բերման են ենթարկել պողոտան ազատելու պահանջը չկատարելու համար: Մինչդեռ ակտիվիստներն ասում են, թե բաժին են տեղափոխվել արդեն մայթին կանգնած ժամանակ:

«Դուք տեսել եք իրենց հայտնի պարի ժամանակ, երբ գալիս են, երկու մասի են բաժանում, հրում են մայթեր, մայթերից գողանում են ուղղակի մարդկանց, ովքեր հանգիստ կանգնած էին։ Անգամ դեպք կա, որ մասնակից չի եղել, բերման են ենթարկել։ Ուղղակի ամոթալի է էդպիսի գործ ընդունելը վարույթ»,- ասաց Ավանեսովը։

Թեև ակտիվիստները այս ամենն ապացուցող տեսանյութ տրամադրեցին դատարանին, Ոստիկանությունը մտադիր չէ հետ վերցնել հայցը: Ավելին, մինչև հաջորդ դատական նիստը, իրենք էլ իրենց հայցը հիմնավորող տեսանյութ և այլ ապացույցներ կներկայացնեն:

«Չեն կատարվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները, ինչի համար վարչական ձերբակալում է իրականացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 261 հոդվածի կարգով։ Դատաքննության փուլում այդ բոլոր փաստերը կպարզվեն»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչ, մայոր Մարտա Մելիքյանը։

Ակտիվիստները տարակուսած են. ոստիկանության պահանջով հարուցված գործերը հասել են դատարաններ, մինչդեռ հունիսի 23-ին հենց ոստիկանության կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության գործը դոփում է նախաքննության փուլում: Թեև ջրցան և բիրտ ուժ կիրառելուց օրեր անց քրեական գործ հարուցվեց, սակայն 6 ամիս է ոստիկաններից որևիցե մեկն այդ գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվել:

«Ուղղակի փորձում են ծածկադմփոցներ անել»,- ասում է ակտիվիստ Էրնեստ Ավանեսովը.- «Փորձում են քնեցնել հարցը, երևի մի օր էլ կփորձեն ընդհանրապես փակել, բայց մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու դա»։

Ակտիվիստները վստահեցնում են՝ պայքարը դեռ ավարտված չէ։ Թեև ՀԷՑ-ի նոր սեփականատերը մեծ ներդրումներ ու բարեփոխումներ խոստացավ, «Ո՛չ թալանին»-ը հիմա հաշվիչների անճշտության և ուռճացված ցուցմունքների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստանում, ապացույցները հավաքագրելուց հետո ակտիվիստները կհստակեցնեն իրենց քայլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG