Մատչելիության հղումներ

Ռուբլու արժեզրկումը լուրջ վնասներ է հասցնում իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանող ընկերություններին


Իսկ տարեսկզբից սկսված արժեզրկման նոր ալիքը է՛լ ավելի է սրում իրավիճակը։

Հյութերի արտադրությամբ զբաղվող «Սիս» գործարանն արտադրությունը կրճատել է մոտ 30 տոկոսով, «Սիփան» գործարանը՝ մոտ 70, և այս ընկերությունները բացառություն չեն։

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշում է, որ անխուսափելիորեն նվազելու են նաև արտադրողների վճարած հարկերը, աշխատատեղեր են փակվելու․ - «Ես գիտեմ շատ ընկերություններ, որոնք այս տարի արդեն շահութահարկ չեն վճարի, որովհետև անցած տարին փակել են վնասով: Այսինքն, առնվազն քսան տոկոսով այս տարի պետությունը գինեգործության ոլորտից ավելի քիչ հարկեր կստանա»:

Հյութեր ու ջեմեր արտադրող «Սիս» գործարանի փոխտնօրեն Հովսեփ Բրդոթյանի խոսքով՝ 2015-ին կորուստները մեծ են եղել, այս տարին նույնպես լավ չի սկսվել՝ ռուբլու արժեզրկումը նոր ռեկորդներ է գրանցել․ - «2015 թվականի ընթացքում մենք ունեցել ենք մոտ վաթսուն միլիոն դրամից ավելի արտարժութային վնաս: Փորձում ենք գները բարձրացնել ռուսական շուկայում: Նախ, վարչական մեթոդներով Ռուսաստանում փորձում են թույլ չտալ գների բարձրացում, երկրորդը, անհնար է այդպիսի մեծ շուկայում անընդհատ գին բարձրացնել․ ապրանքի մրցունակությունն է ընկնում»:

Գործարարները նշում են, որ անգամ անշահավետ պայմաններում ստիպված են մնալ ռուսական շուկայում՝ չկորցնելու այնտեղ մեծ ջանքերի գնով ձեռք բերած տեղը․ - «Տարիների ընթացքում մարկետինգային միջոցներ են ծախսվել, որ շուկա ստեղծենք․․․ փորձում ենք այդ շուկան պահել ամեն գնով»:

«Ռուսական կողմի համար միևնույն է՝ մենք կա՞նք այդ շուկայում, թե՞ չկանք այդ շուկայում: Մեզ համար միևնույն չէր, որովհետև մենք ունեինք տարիների քրտինքով ձեռք բերած այդ մասը շուկայի՝ մեկ: Եվ ունեինք չվճարված գումարներ: Եթե դու դուրս ես գալիս շուկայից, գումարների ստացումը ընդհանրապես դառնում է անհնար», - նշեց Ավագ Հարությունյանը:

Միևնույն ժամանակ, պարզ հաշվարկներն էլ ցույց են տալիս՝ անվերջ վնասներ կրելով երկար չեն դիմանա. եթե ռուբլին չկայունանա, ստիպված կլինեն է՛լ ավելի կրճատել արտադրությունը:

Լիմոնադներ, հանքային ջրեր, մուրաբաներ ու կոմպոտներ արտադրող «Սիփան» գործարանի տնօրեն Գագիկ Ղազարյանն առայժմ լավատես չէ․ - «Մինչև ռուբլու կուրսը չդառնա գոնե տասը դրամ, իսկ այսօր արդեն վեցին է մոտենում, հայաստանյան ամբողջ տնտեսությունը կանգնելու է՝ վերամշակող, գյուղատնտեսական, գինիներ, կոնյակներ․․․ Մենք անցած տարի արտադրել ենք նախորդ տարվա քսանհինգ տոկոսը, այդքան էլ պակաս արտահանել ենք: Հիմա կանգնած է, ընդհանրապես չենք արտահանում»:

Ռուսականի փոխարեն նոր, ավելի կայուն շուկաներ նվաճելու առումով հաջողված օրինակներն առանձնապես շատ չեն։ Բոլորն են ասում՝ փնտրում ենք, բայց գտնելը հեշտ չէ։

«Անհնարին աստիճանի չի: Ուղղակի եվրոպացի սպառողները սովոր չեն սպառելու հայկական հյութ կամ հայկական ջեմ, մուրաբա», - ասաց Հովսեփ Բրդոթյանը:

Եզակի լավատեսներից մեկը գինեգործ Ավագ Հարությունյանն է։ Նա օրինակ է բերում հարևան Վրաստանը, որտեղ Ռուսաստանի հետ կարճատև պատերազմից հետո գինեգործները նախ լուրջ դժվարությունների առջև կանգնեցին, իսկ հետո կարողացան նոր ու ավելի վստահելի գործընկերներ գտնել Արևմուտքում․ - «Ցանկացած ճգնաժամ մաքրում է դաշտը և թելադրում է խաղի նոր կանոններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG