Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ հնչեցրած գիտնականները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նրանք երկրի իշխանություններին հորդորել են դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում և քրդական հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

14 ձերբակալվածներից բացի, սպասվում է ևս 7 հոգու ձերբակալություն: Նման որոշում է կայացրել թուրքական Քոջայելի շրջանի դատախազությունը.

Թուրք մտավորականների խմբին մեղադրանք է առաջադրել «թուրք ժողովրդին, պետությանը, կառավարությանը, խորհրդարանին և դատարանին հրապարակայնորեն վիրավորելու» և «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու» մեջ:

Թուրքական իշխանություններին ուղղված կոչի տակ ստորագրել են 1128 թուրք և օտարերկրացի գիտնականներ: Նրանք թվում էր նաև տասնամյակներ շարունակ խաղաղության և սոցիալական արդարության կոչերով հանդես եկող աշխարհահռչակ պրոֆեսոր Նոամ Խոմսկին:

«Մենք այդ հանցագործության մաս չենք կազմի» վերտառությամբ միջնորդագրով մտավորականները Էրդողանի վարչակազմին կոչ են արել «վերջ տալ կոտորածին ու սպանդին» և վերադառնալ քրդական խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ուղերձը հնչեցվել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք կոչ ենք անում իշխանություններին՝ քրդական խնդիրը լուծել և խաղաղության հաստատմանն ուղղված ճանապարհային քարտեզ կազմել: Դրա համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է ներգրավել մեծ թվով անկախ փորձագետների, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու այդ գործընթացին», - հայտարարել են գիտնականները:

Պաշտոնական Անկարայի պատասխանը չուշացավ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարության հեղինակներին մեղադրեց անտեղյակության մեջ. - «Այդ ամբոխը, որն իրեն գիտնականների խումբ է անվանում, իր հայտարարությամբ մեղադրում է պետությանը: Հեյ դուք, այսպես կոչված մտավորականություն, դուք ոչ թե լուսավորված, այլ խավարամիտ մարդիկ եք: Դուք ընդհանրապես նման չեք մտավորականների: Դուք անտեղյակ եք և ոչինչ չգիտեք արևելքի և հարավ-արևելքի մասին։ Մինչդեռ մենք այդ տարածաշրջանը գիտենք որպես մեր տան հասցե»:

Թուրքիայի և երկրի կազմում ինքնավարության ձգտող քրդերի միջև զինված հակամարտությունը սրվեց 2015 թվականի ամռանը: Հարաբերական անդորրը խախտվեց հատկապես այն բանից հետո, երբ անցած հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն, որին զոհ դարձան 32 անձինք՝ հիմնականում քրդեր: Քրդստանի բանվորական կուսակցությունը, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, թուրքական իշխանություններին մեղադրեց իսլամիստներին աջակցելու մեջ և թուրք ուժայինների դեմ պարտիզանական պատերազմ սկսեց:

Անցյալ տարվա օգոստոսի 16-ից մինչև 2016-ի հունվարի 10-ը, ըստ Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամի, զոհվել է առնվազն 162 խաղաղ բնակիչ Դիարբեքիրի, Մարդինի, Հաքքիրի շրջաններում: Տարածաշրջանում 58 անգամ պարետային դրություն է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG