Մատչելիության հղումներ

Թիվ 10/15-ի հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ասված է․ - «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրկված այն ընտրողների տվյալները, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Նախաքննության շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված ընտրատարածքի 2 ընտրողների փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը»։

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Գ. Թումանյանը, նույն ընտրատեղամասի ընտրողներ Լ. Հարությունյանի և Ռ. Հարությունյանի անվան դիմաց գրանցամատյանում լրացրել է մտացածին տվյալներ, ստորագրել և քվեարկել վերջիններիս փոխարեն»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG