Ժամը 15.30-ի դրությամբ, հայ-վրացական սահմանի «Բավրա» անցակետը ձնաբքի հետևանքով ժամանակավորապես փակ է: Այդ մասին հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է կցորդիչով բեռնատարներից բացի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: