Մատչելիության հղումներ

Նախարարությունը հաստատեց գրիպից մահվան 11-րդ դեպքը


Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն ևս մեկ շաբաթով:

Հինգշաբթի առավոտվա դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում 945 հիվանդ է բուժվում, որոնց մոտ ախտորոշվել են սուր շնչառական հիվանդություններ՝ այդ թվում խոզի գրիպ։

Հիվանդների մեծ մասը՝ ավելի քան 80 տոկոսը, երեխաներ են, ինչի պատճառով Առողջապահության նախարարը այսօր նորից միջնորդեց ևս մեկ շաբաթով հետաձգել դասերը։

«Բայց, հաշվի առնելով երեխաների ութսուն տոկոս ընդհանուր հիվանդացությունը և [ելնելով] հոսպիտալացված դեպքերից և կանխարգելիչ մեր միջոցառումների ցանկում ընդգրկելով հետաձգումը մեկ շաբաթով տված իր արդյունավետությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել ձմեռային արձակուրդները, և դպրոցների, նախադպրոցական հաստատությունների աշխատանքները սկսել մեկ շաբաթ ուշացումով», - կառավարության նիստում ասաց Արմեն Մուրադյանը:

Երեկ Երևանում գրանցվել է խոզի գրիպից արդեն 11-րդ մահացության դեպքը․ ըստ նախարարության, 61-ամյա կինը տառապում էր սրտի հիվանդությամբ, ուներ շաքարային դիաբետ։

Նախարար Մուրադյանը բացառում է, որ մահվան դեպքերը պայմանավորված լինեն բժիշկների անուշադրությամբ կամ սխալ բուժմամբ․ - «Առհասարակ կարծում եմ, որ առողջապահական համակարգը համընդհանուր աշխատել է մեծ ծանրաբեռնվածությամբ, նվիրվածությամբ և խիստ արհեստավարժությամբ: Իսկ այն իննսուներկու հիվանդները, որոնք այսօր շարունակում են վերակենդանացման բաժիններում ստանալ իրենց բուժօգնությունը, գտնվում են խիստ հսկողության ներքո»:

Վերակենդանացման բաժիններում գտնվող այդ հիվանդներից 11-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նախարաը վստահեցրեց, որ բոլոր հիվանդանոցները ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով: Նախարարությունը միայն հիվանդության բռնկումից շաբաթներ անց է որոշում կայացրել հակավիրուսային դեղեր՝ այդ թվում խողի գրիպի դեմ արդյունավետ համարվող «Տամիֆլյու», անվճար տրամադրել նաև պոլիկլինիկաներին․ - «Հաշվի առնելով, որ մենք ցանկություն ենք ունեցել և՛ մշտադիտարկելով հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը, և՛ դիտարկելով դա որպես հնարավոր վտանգ ներհիվանդանոցային վարակների տարածման, տեղափոխելու դեպի պոլիկլինիկական ցանց ծանրաբեռնվածությունը՝ դեղը նաև տրամադրվել է անվճար սկզբունքներով պոլիկլինիկական ցանցին»:

«Ազատության» տեսախցիկը օրեր շարունակ կուտակումներ է արձանագրել հիվանդանոցներում: Շատ հիվանդներ դիմում էին ստիպված, քանի որ պոլիկլինիկաներում ու դեղատներում հակավիրուսային միջոցը պարզապես չկար։

«Ազատության» հետ զրույցում մի շարք բժիշկներ ևս նշեցին, որ ճիշտ որոշում էր դեղամիջոցը պոլիկլինիկաներին բաշխել, դեռ ավելին՝ կարելի էր ավելի շուտ այդ քայլին գնալ։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանի խոսքով, իրենց պոլիկլինիկան, օրինակ, ավելի վաղ ևս տրամադրել է դեղը․ - «Այդ դեղորայքը էֆեկտիվ է հիվանդության առաջին, երկրորդ, երրորդ օրը: Իսկ քանի որ պոլիկլինիկաներն առաջինն են շփվում հիվանդների հետ, ավելի շուտ իրենք կարող են նշանակել, և էֆեկտիվությունը ավելի բարձր կլինի»:

«Ազատության» Գյումրիի և Վանաձորի թղթակիցների հաղորդմամբ, Շիրակի և Լոռիի իրենց այցելած դեղատներում ևս հակավիրուսային դեղամիջոցը չի եղել։ Երևանում և Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքների փողոցում հարցվածներից շատերը կարծիք հայտնեցին, որ եթե տոների օրերին Առողջապահության նախարարությունը ավելի ակտիվ զգուշացներ վտանգավոր ու մարդկանց մահվան պատճառ դարձած վիրուսի մասին, գուցե շատերը ավելի ուշադիր լինեին՝ խուսափելով բարդություններից։

XS
SM
MD
LG