Սիրիայի և Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանում աճում է դրական վերաբերմունքը խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի հանդեպ։ Այս մասին են վկայում ռուսաստանյան «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների՝ նախօրեին հրապարակված արդյունքները։
Հարցված ռուսաստանցիների միայն 21 տոկոսն է վստահ, որ Ստալինը դաժան և անմարդկային բռնակալ էր, ով մեղավոր է միլիոնավոր անմեղ մարդկանց սպանությունների մեջ։ Սա բոլոր ժամանակների նմանատիպ հարցումների ամենացածր ցուցանիշն է։
Ռուսաստանցիների շրջանում Ստալինի աջակցության մակարդակը դարձել է ամենաբարձրը վերջին տասնամյակի ընթացքում։ Հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ ինչ սխալներ ու հանցագործություններ էլ հասցեագրվեն Ստալինին, ամենակարևորն այն է, որ նրա ղեկավարությամբ հնարավոր դարձավ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում։ 2007 թվականին այս կարծիքին էին ռուսաստանցիների 28 տոկոսը։
«Լևադա» կենտրոնի ուսումնասիրության համաձայն, Ստալինի դաժան ղեկավարությունը արդարացնողների թիվը մնացել է նույնը՝ 15 տոկոս։
Ստալինի աջակցության բարձր մակարդակի մասին են վկայել նաև նախկինում արված սոցիոլոգիական հարցումները։
Նույն «Լևադա» կենտրոնի 2015 թվականի մարտին արված հարցումների մասնակիցների 45 տոկոսը կարծիք էր հայտնել, որ ստալինյան ժամանակաշրջանում Խորհրդային Միության ժողովուրդների կրած տառապանքները արդարացված են։
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) 2013 թվականի հարցումների արդյունքներով էլ՝ ռուսաստանցիների 27 տոկոսը Ստալինին հարգանքով էր վերաբերվում, 6 տոկոսը՝ համակրանքով, իսկ հարցվածների 3 տոկոսը նշել էր, թե խորհրդային բռնապետի կերպարն իրենց հիացմունք է պատճառում:
«Ստալինին աջակցողների թվի աճն առաջին հերթին կապված է Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակամարտության հետ», - ռուսական РБК պարբերականի հետ զրույցում ընդգծել է «Լևադա» կենտրոնի փոխտօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը։
«Սիրիայի պատերազմը, որի շրջանակներում ի ցույց է դրվում ռուսական զինուժը, մարդկային գիտակցությունը վերադարձնում է անցյալ՝ 1940-1950-ական թվականներ։ Ստալինի կերպարը, որը յուր ժամանակին այլ համաշխարհային առաջնորդների հետ գծել է Եվրոպայի քարտեզը, համընկնում է բնակչության այսօրվա պահանջարկին», - մեկնաբանել է հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչը։
Նրա հետ համաձայն է նաև ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Մարկարինը։ «Ընդհանուր առմամբ, Արևմուտքի հետ հակամարտությունը, ղրիմյան իրադարձությունները նպաստել են Ստալինի հեղինակության մեծացմանը ռուսաստանցիների շրջանում», - համոզմունք է հայտնել քաղաքագետը՝ հավելելով. - «Ստալինն ընդլայնել է երկրի տարածքները, իսկ Ռուսաստանում սովորեցնում են, որ այն ղեկավարը, որն արել է դա, լավ ղեկավար է»։