Մատչելիության հղումներ

Վարորդները տուգանքների մեղմացումների հետ մեծ հույսեր չեն կապում


«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը բավարար չի համարում ճանապարհային որոշ խախտումների համար տուգանքների մեղմացում նախատեսող օրենքը, որն արդեն երկու օր է ինչ ուժի մեջ է։

Ըստ նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանի՝ առաջիկա ամիսներին ավելի պարզ կդառնա, թե որքանով են փոփոխությունները լուծում վարորդների խնդիրները։

«Եթե մեզ հրավիրեին այդ քննարկումներին, մենք կգնայինք, կփորձեինք օգտակար լինել մեր առաջարկություններով, բայց նրանք դրանով չեն առաջնորդվել։ Նրանք առաջնորդվել են «եկեք, մի քիչ բոլտերը թուլացնենք» սկզբունքով։ Մենք էդքան լավատես չենք, մենք նայում ենք, որ սա նորից մարդկանց գրպանը մտնելու շարունակական բնույթ է կրելու»,- ասաց Պետրոսյանը։

Ուժի մեջ մտած նոր օրենքով ամենատարածված ոչ վտանգավոր խախտումների համար տուգանքի փոխարեն նախատեսվում է նախազգուշացում կիրառել։ Եթե վարորդները ոչ միտումնավոր կամ ուրիշի մեղքով, օրինակ, հոծ գիծ են հատել, ապա կնախազգուշացվեն։ Եթե մեքենան երկրորդ գծում կանգնել է միայն մեկ րոպե՝ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու նպատակով, վարորդը չի տուգանվի: Որոշ դեպքերում մինչև տուգանելը վարորդներին մեկ օր կտրվի խախտումը շտկելու, օրինակ, տանը մոռացած վկայականը ներկայացնելու կամ ապակիների չթույլատրվող մգեցվածությունը վերացնելու համար: Խստացվել է մոտեցումը ոչ սթափ վարորդների հանդեպ:

Այն վարորդները, ովքեր մինչև հուլիսը կվճարեն կուտակված տուգանքների մայր գումարը, կազատվեն դրանք չվճարելու համար կուտակված տույժերից։ Արսեն Պետրոսյանը շեշտում է՝ շատ վարորդների տուգանքների մայր գումարն արդեն չափազանց մեծ է, սակայն նրանց բողոքարկելու հնարավորություն չի տրվում:

«Էդ մարդը քանի՞ վայրկյան է կանգնել, շանս տվեք՝ էդ մարդիկ տույժ ու տուգանքները բերեն ձեզ մոտ բողոքարկեն, գոնե որոշակի քչացրեք էդ մարդկանց տույժ ու տուգանքները։ Իրականում ոչ մեկ էլ ի վիճակի չի լինելու միլիոնի հասնող տույժ ու տուգանքները մուծելու»,- ասաց նա։

Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, ով խորհրդարանում օրինագծին դեմ քվեարկած 7 պատգամավորներից մեկն է, կարծում է՝ միայն այս օրինագիծը բավարար չէ իրավիճակը փոխելու համար. բացի այդ, որոշ դրական փոփոխություններ ներառելով հանդերձ, այն չի համապատասխանում նոր Սահմանադրությանը:

«Նախ ցանկացած միջամտող ակտ ընդունելուց առաջ վարչական մարմինը պարտավոր է լսել քաղաքացուն։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ օրենսդրական նախաձեռնության ժամանակ պահպանվել է այն վատ սովորույթը, որ մարդուն տուգանում են, ուղարկում են տուգանքի որոշումը անձի հասցեով, և անկախ նրանից՝ անձը ստացել է, թե՝ ոչ, կամ հնարավորություն ունեցել է առարկելու, նա ենթարկվել է պատասխանատվության»,- ասաց պատգամավորը։

Մինասյանի խոսքով՝ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ.- «Ժամանակին կատարվել է շատ վատ երևույթ, հիմա փորձ է արվել մի քիչ մեղմել այդ երևույթը և դա ներկայացնել որպես էական փոփոխություն»։

Վարորդները ևս մեծ հույսեր չեն կապում ուժի մեջ մտած մեղմացումների հետ. հիմնական հուզող հարցերի պատասխանները չեն տրվել՝ կարմիր գծերը միևնույն է է՛լ ավելի են նեղացնում Երևանի փողոցները, իսկ արագաչափերն ու տեսախցիկները ընկալվում են միայն որպես տուգանելու գործիք։

«Առաջ էսքան հոգս չէր քշելը, ոնց որ հիմա։ Ամեն ինչը շատացավ՝ սկսած ավտոկայանատեղերից, վերջացրած տուգանքներով և այլն»։ «Էնքան չնչին սխալների համար է տուգանքը գալիս, որ աբսուրդ է։ 2 րոպեի համար էդ 5000 դրամը գալիս է։ Լավ կլինի խախտմանը համապատասխան տուգանքներ նշանակեն»։

«Էս կամեռաները ոչ մի մարդկային բան չեն հասկանում, ուղղակի դրած նկարում են ու տուգանք են ուղարկում։ Մարդը կանգնած է իրա աշխատանքային տեղը՝ փողոցը, իրա անկյունը գտել է, ու անընդհատ տուգանք, տուգանք։ Մի փոքր մեղմացում են անում, շիրմա են ստեղծում, որ տեսեք, մենք ձեր վիճակի մեջ մտնում ենք, բայց հիմնական առումներով բոլորիս հերը անիծում են»,- բողոքում էին երևանցի վարորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG