Մատչելիության հղումներ

Իշխանությունը 2017-ի ընտրություններին ընդառաջ «ընտրակեղծարարների զորքը չի ջարդի»


Հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ ահազանգերից հետո մինչ այժմ միայն երկու քաղաքացու է մեղադրանք առաջադրվել․ երկուսն էլ մեղադրվում են ուրիշի փոխարեն քվեարկելու համար։

Լցոնման, ընտրացուցակներում կեղծ տվյալներ գրանցելու, դիտորդների և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, քաշքշուկներ հրահրելու, ընտրակաշառքներ բաժանելու և քվեարկության արդյունքները կեղծելու ահազանգերի հիման վրա հարուցված քրեական գործերը դեռևս նախաքննության փուլում են՝ մեղադրյալների մասին ոչինչ չի հաղորդվում։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտում է՝ եթե իրավապահներն օրենքով գործեին, ապա առկա տեսագրությունների պայմաններում մեկ ամիսը լիովին բավարար կլիներ մեղադրյալի աթոռին 2-ի փոխարեն մի քանի անգամ ավելի շատ մարդկանց նստեցնելու համար: Ընդ որում՝ ճաղերի հետևում կհայտնվեին ոչ թե ընտրողները կամ շարքային հանձնաժողովականները, այլ նրանց վերադասները։

«Իշխանությունը չի կարող 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դնի՝ իր ընտրակեղծարարների զորքը ջարդի։ Նրանք վստահ են, որ անպատժելիության մթնոլորտում են: Եվ եթե նրանցից 10-15 հոգին պատժվի, մնացածն ուղղակի այդ քայլին գնալուց առաջ կմտածեն, որ քավության նոխազ չդառնան»,- ասում է Մարտիրոսյանն ու կարծիք հայտնում՝ իշխանությունները սպասում են միջազգային դիտորդական կազմակերպության՝ հանրաքվեի վերաբերյալ գնահատականին, ինչից հետո «արագորեն» կփակեն հարուցված քրեական գործերը։

«Առավելագույնը 1-2 հոգի պայմանական կամ մեկ տարվա ազատազրկում կստանա, նրանք էլ մեկ երրորդով ազատ կարձակվեն։ Ի սկզբանե պարզ էր, որ իշխանություններն այս ուղղությամբ էլ գնալու են, անկախ նրանից, որ միջազգային գործընկերները նշեցին, որ թափանցիկ ընթացք պետք է լինի»,- շարունակում է Արմեն Մարտիրոսյանը:

Տրցակներով բողոքներ ներկայացրած՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը անգործության թարմ օրինակ ունի՝ հանձնաժողովի ՀԱԿ անդամին կաշառելու մեջ մեղադրվող Զավեն Միրիջանյանի համար օրեր առաջ մեղադրողը պահանջեց երկու տարվա պայմանական ազատազրկում։ Քննությամբ այդպես էլ չպարզվեց՝ ի վերջո ո՞ւմ հրահանգով է Միրիջանյանն ընդդիմադիրներին գումար առաջարկել:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյան․ - «Տեսանյութ կա, այս մասով արդեն ոչ միայն մեդադրանք պետք է առաջադրված լիներ, այլև կոնկրետ սանկցիաներ պետք է լինեին՝ ձերբակալություն, կալանավորում և այլն: Մենք տվել ենք 5 տեղամասերի վերաբերյալ ելակետային տվյալները կեղծելու մասին՝ ակնհայտ հանցագործության մասին հաղորդում: Հարուցված է քրեական գործ, որևէ մեկի մինչ էս պահը մեղադրանք չի առաջադրվել: Այն դեպքում, երբ պարզ է, որ էդ հանցագործությունը կարող էր կատարել միայն հանձնաժողովի նախագահը, ում ձեռքին է հանձնաժողովի կնիքը»:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանն այսպես է հակադարձում ընդդիմադիրներին՝ «Հայաստանում գործող քաղաքական ուժերից մեկը, որի մեջ մտնող մի քանի քաղաքական գործիչներ համաձայն չեն սահմանադրական բարեփոխումների քվեարկության հետ, պառլամենտի իրենց խմբակցությունում կազմում են փոքրամասնություն։ Եվ ես կասեմ, որ չկա աշխարհում մի ընտրություն, որ բոլորը լինեն գոհ և շնորհակալ, միշտ լինում են ընդդիմախոսներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG