Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն առաջարկում է ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ «ազատ արձակել քաղբանտարկյալներին»


Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում, արխիվ
Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում, արխիվ

Լևոն Զուրաբյանն ասում է՝ այդ քայլը կմեղմացնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ-ում, որտեղ Ղարաբաղի վերաբերյալ երկու վիճահարույց զեկույց են քննարկելու։ ՀՀԿ-ն համաձայն չէ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ղարաբաղի վերաբերյալ վիճահարույց զեկույցներին դիմակայելու համար Հայ ազգային կոնգրեսը պահանջում է մինչև ձմեռային նստաշրջանի մեկնարկը ազատ արձակել Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին, ինչպես նաև դեկտեմբերի 31-ից ճաղերի ետևում հայտնված Գևորգ Սաֆարյանին։ Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է՝ վերջիններս քաղբանտարկյալ են։

«Ոչինչ չի խանգարում Հայաստանին ձմեռային նստաշրջանից առաջ քայլ անել՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ում որոշ շրջանակների վրա դա ինչ-որ չափով տպավորություն կթողնի՝ մեղմացնելով վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Մոտ երկու շաբաթից Ստրասբուրգում քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետերի թվում, մասնավորապես, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ այս զեկույցների քվեարկությանը Հայաստանի դիրքերն ավելի խոցելի կլինեն, եթե ընդդիմադիրները շարունակեն մնալ ճաղերի ետևում.- «Ես չեմ ասում, որ դա վճռորոշ նշանակություն կարող է ունենալ կամ կարող է լուծել այդ հարցը։ Իհարկե, հիմա արդեն բավականին բարդ վիճակ է, և թեև տեսական տարբերակ կա դեռ խանգարելու այդ բանաձևերի ընդունմանը, այնուամենայնիվ, դա շատ քիչ հավանական է։ Բայց եթե իշխանությունները իսկապես շահագրգռված են, որ այդ բանաձևերը չընդունվեն, ոչ մի բան չի խանգարում իրենց այդ քայլին դիմել»։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, հանրապետական Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ Զուրաբյանի առաջարկը տեղին չէ։ Իշխող կուսակցության պատգամավորը պնդում է՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, ժողովրդավարության առումով էլ երկիրը հեղինակություն բարձրացնելու խնդիր չունի։

«Դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին էին, ամբողջ Եվրոպան փաստեց, որ դա մեծ քայլ առաջ է դեպի ժողովրդավարացում՝ ստեղծելով խորհրդարանական երկիր։ Եթե պարոն Զուրաբյանի տրամաբանությունը դա է, ես գտնում եմ, որ մենք այդ իմիջը ունենք արդեն Եվրոպայում»,- ասաց Կարապետյանը։

Ի դեպ, ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը դեռ նախորդ տարեվերջին չէր բացառել, որ հայկական կողմը կարող է ընդհանրապես բոյկոտել ձմեռային նստաշրջանը։ Նաղդալյանն այսօր պատվիրակության մեկ այլ անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ խորհրդակցության էր, ինչ թեմայով՝ ճշտել չհաջողվեց։ Ավարտին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը հրաժարվեց ԵԽԽՎ-ի վերաբերյալ հարցերի պատասխանել, իսկ Նաղդալյանը զբաղված լինելու պատճառաբանությամբ ընդհանրապես չխոսեց։

XS
SM
MD
LG