Մատչելիության հղումներ

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի այս տարվա մրցանակակիրները


Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն (ձ) և Լեոնարդո դի Կապրիոն «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունից հետո: Լոս Անջելես, 10-ը հունվարի, 2016 թ․
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն (ձ) և Լեոնարդո դի Կապրիոն «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունից հետո: Լոս Անջելես, 10-ը հունվարի, 2016 թ․

Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը ավանդաբան նախորդում է Ամերիկյան կինոակադեմիայի հանրահայտ «Օսկար» մրցանակաբաշխությանը:

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները արդեն իսկ դիտարկվում են «Օսկար»-ի հավակնորդներ:

Լոս Անջելեսում այսօր տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս»-ի 73-րդ մրցանակաբաշխությունը: Աշխարհահռչակ կինոդերասան Լեոնարդո դի Կապրիոյի համար վերջապես հնարավորություն է ստեղծվում արժանանալ «Օսկար»-ի, քանի որ այսօր նա արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում՝ հանրահայտ կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարման համար:

Սա Դի Կապրիոյի երրորդ «Ոսկե գլոբուս»-ն է, սակայն Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատորը», «Ուոլ Սթրիթի գայլը», Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» և այլ հանրահայտ ֆիլմերի գլխավոր դերակատար Դի Կապրիոն տարօրինակորեն մինչև հիմա չունի «Օսկար», թեև նշված ֆիլմերն արժանացել են Ամերիկյան կինոակադեմիայի տասնյակ մրցանակների:

«Ոսկե գլուբուս» նվաճել է նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմը, որի գլխավոր հերոսին էլ մարմնավորել է Դի Կապրիոն, ով, հավանաբար, սրտատրոփ սպասում է Ամերիկյան կինոակադեմիայի հերթական մրցաբաշխությանը, որը կկայանա գալիք փետրվարի վերջին՝ բաղձալի «Օսկար»-ին արժանանալու ակնկալիքով:

Տարբեր անվանակարգերում «Օսկար»-ի հավակող ֆիլմերի ու կինոգործիչների ցուցակը կհրապարակվի հունվարի 14-ին:

«Ոսկե գլոբուս»-ի արժանացել են նաև Սիլվեստր Ստալոնեն և Քեյթ Ուինսլեթը՝ երկրորդ պլանի դերակատարումների համար:

Կանացի լավագույն դրամատիկ դերակատարման համար մրցանակը հանձնվել է Բրի Լարսենին՝ «Սենյակը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:

Լավագույն սցենար ճանաչվել է Սթիվ Ջոբսին նվիրված ֆիլմի սցենարը, որը հեղինակել է օսկարակիր Ահարոն Սորկինը:

Հայաստանցի կինոգործիչներից ոչ մեկին առայժմ չի հաջողվել «Օսկար» կամ «Ոսկե գլոբուս» նվաճել: Բայց չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և անցյալ տարեվերջին մեծ էկրան բարձրացած Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» գեղարվեստական ֆիլմը ներկայացվի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG